25 փետրվարի 2010 - 17:54 AMT
Ամերիաբանկը ժամկետային ներդրումների ծավալով Հայաստանի բանկային ոլորտում առաջնային դիրքեր է զբաղեցնում


Ամերիաբանկի ժամկետային պարտավորությունները 2009թ. արդյունքներով կազմել են 54.3 մլդ դրամ` աճելով 2008թ. համեմատությամբ 2.6 անգամ կամ 258.7%-ով, հաղորդում է բանկի մամլո ծառայությունը: Այս ցուցանիշով Բանկն ապահովել է ամենամեծ աճը ՀՀ բանկային համակարգում:

Ի նկատի ունենալով այն հանգամանքը, որ Ամերիաբանկը միջոցներ է ներգրավում նաեւ միջազգային ֆինանսական կառույցներից, եւ այս տենդենցը շարունակվելու է նաեւ 2010թ., Բանկի ֆինանսական աղբյուրների կառուցվածքը հավասարակշռված եւ համակարգված է. 17%-ը կազմում են ՀՀ կառավարության նկատմամբ ունեցած պարտավորությունները, 56%-ը` իրավաբանական անձանց ժամկետային ավանդները, իսկ ֆիզիկական անձանցից ներգրաված ավանդները կազմում են 27%:

Չնայած Ամերիաբանկը կորպորատիվ, ներդրումային բանկ է եւ ֆիզիկական անձանցից ներգրաված ժամկետային ավանդները կազմում են Բանկի ընդհանուր ժամկետային ավանդների ընդամենը 32.3%-ը, սակայն փաստենք, որ 2009թ.-ին ֆիզիկական անձանց ավանդներն աճել են 7.6 անգամ, եւ աճի այս ցուցանիշով Ամերիաբանկը զբաղեցնում է առաջին տեղը ՀՀ բանկային համակարգում:

2009թ. 7.7 անգամ աճել են բանկի ռեզիդենտ ֆիզիկական անձանց ավանդները, 7.4 անգամ` ոչ ռեզիդենտ հաճախորդներից ներգրաված ժամկետային ավանդները: Այս փաստն արդյունք է ոչ միայն Ամերիաբանկում ֆիզիկական անձանց ավանդների 100%-ով ապահովագրման, այլեւ Բանկի կողմից ֆիզիկական անձանց առաջարկվող բանկային ծառայությունների ընդարձակ տեսականու, ճկուն սակագնային համակարգի, ինչպես նաեւ բանկի ֆինանսական ցուցանիշների աճի կայուն տեմպերի արդյունքում Բանկի նկատմամբ օրեցօր աճող հասարակության վստահության: Արդյունքում` 2009թ.-ին Բանկի ֆիզիկական անձանց բանկային հաշիվների քանակն աճել է 82%-ով, իսկ հաշիվների մնացորդները կրկնապատկվել են: