25 փետրվարի 2010 - 18:37 AMT
Սերժ Սարգսյանն ու Ֆիլիպ Գորդոնը քննարկել են հայ-թուրքական հարաբերությունները


Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Կիեւում հանդիպել է Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխպետքարտուղար Ֆիլիպ Գորդոնի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին վերաբերող հարցեր:

Հայաստանի Հանրապետության Նախագահը մեկ անգամ եւս ներկայացրել է պաշտոնական Երեւանի մոտեցումները գործընթացի ներկա փուլի վերաբերյալ եւ նշել, որ Հայաստանը հավատարիմ է Թուրքիայի հետ հարաբերություններն առանց նախապայմանների կարգավորելու սկզբունքին: Ֆիլիպ Գորդոնը վերահաստատել է Միացյալ Նահանգների աջակցությունն այս գործընթացին: Բարձր գնահատելով Հայաստանի Հանրապետության կառուցողական դիրքորոշումը հարաբերությունների կարգավորման բոլոր փուլերում` նա ընդգծել է, որ արձանագրությունների վավերացումը երկու երկրների խորհրդարաններում, առանց դրանք գոյություն ունեցող այլ խնդիրների հետ փոխկապակցելու, կարեւոր է հարաբերությունների կարգավորմանը հասնելու համար:

Նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունն այսօր ուշ երեկոյան կվերադառնա Երեւան, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը: