25 փետրվարի 2010 - 20:50 AMT
Հայաստանն ու Եգիպտոսը մտադիր են խորացնել երկկողմ համագործակցությունը


Փետրվարի 22-24-ը Եգիպտոսի «հյուսիսային մայրաքաղաք» Ալեքսանդրիայում էր գտնվում Հայաստանի դեսպան Արմեն Մելքոնյանը, որտեղ նրան ընդունել է Ալեքսանդրիայի նահանգապետ, գեներալ Ադել Ալի Լաբիբը:

Զրուցակիցները երկուստեք գոհունակություն են հայտնել հայ-եգիպտական բարեկամական հարաբերությունների զարգացման ընթացքի կապակցությամբ եւ քննարկել Ալեքսանդրիայի նահանգի ընդգրկմամբ երկկողմ համագործակցության հեռանկարների հետ կապված հարցեր: Մասնավորապես կարեւորվել է Ալեքսանդրիայի գործարարների ներգրավումը հայ-եգիպտական գործարար ծրագրերում, նաեւ` այս տարվա աշնանը Եգիպտոսում նախատեսվող Հայաստանի մշակութային օրերի շրջանակներում Ալեքսանդրիա քաղաքում որոշակի միջոցառումների կազմակերպումը:

Դեսպան Մելքոնյանը հանդիպումեր է ունեցել նաեւ տեղի Գործարարների միությունում, Ալեքսանդրիայի գրադարանում եւ համալսարանում:

Այցի ընթացքում դեսպան Մելքոնյանը հյուրընկալվել է Ալեքսանդրիայի Հայոց առաջնորդարանում, ուր զրուցել է հայ համայնքի ներկայացուցիչների հետ` պարզաբանումներ տալով հայրենիքի շուրջ նրանց հուզող բազմաթիվ հարցադրումներին, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: