9 փետրվարի 2010 - 15:02 AMT
«Աքսա» ապահովագրական ընկերությունը Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգներից 13 790 դիմում է ստացել


«Աքսա» ֆրանսիական ապահովագրական ընկերությունը Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգներից 13 790 դիմում է ստացել, որոնք ընկերությանը դիմել են հատուցում ստանալու համար: Ինչպես հաղորդում է Հայաստանի Արդարադատութւյան նախարարության մամլո ծառայությունը, նկատի ունենալով «Աքսա» ընկերության կողմից ցեղասպանության զոհերի ժառանգներին տրվող փոխհատուցման գումարների հետ կապված հարցի նկատմամբ մեծ հետաքրքրությունը, նախարարությունը օրեր առաջ դիմել է «Աքսա» կարգավորող հանձնաժողովի գործադիր տնօրեն Բարսեղ Գարթալյանին:

Ինչպես հայտնեց Գարթալյանը, ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի (ԱՄՆ) Կենտրոնական շրջանային դատարանի դատավոր Քրիստինա Սնայդերի կողմից ընդունված որոշմամբ հաստատվել են ընդամենը 996 իրավահաջորդների դիմումները: Այդ որոշումը վերջնական է եւ ենթակա չէ բողոքարկման:

Այսպես, հանձնաժողովը ստացել էր 13790 դիմում (մոտ 3840-ը ուղարկվել էր ՀՀ արդարադատության նախարարության կողմից), որից մերժվել է 12794-ը` համապատասխան փաստաթղթերի բացակայության պատճառով: Հասցեատերերի անուններն, ըստ երկրների, դեռեւս ենթակա չեն հրապարակման, սակայն երկու շաբաթվա ընթացքում բոլորին, այդ թվում նաեւ նրանց, ում դիմումները մերժվել են, նամակներ կուղարկվեն: Ըստ Բարսեղ Գարթալյանի, որոշումները պատրաստ էին դեռեւս 2009 թվականի հուլիս-օգոստոս ամիսներին, բայց տեխնիկական պատճառներով դատարանի որոշումը կայացվեց միայն 2010 թվականի հունվարի վերջին:

Խոսքը ընդհանուր առմամբ 17.5 միլիոն դոլլարի մասին է, որից 11 միլիոն 350 հազարը տրվելու է ժառանգորդներին, իսկ մնացած գումարը նախատեսված է բարեգործական ընկերությունների եւ դատական ծախսերի համար:

Ամերիկյան «New York Life» ապահովագրական ընկերությունը, ընդունելով Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանությունը վերապրած եւ 1885-1915թթ. շրջանում իրենց կյանքն ապահովագրած անձանց ժառանգների 2515 դիմումները, նոյեմբերի 11-ից ձեռնամուխ է եղել վճարումներին: Ցեղասպանության զոհերի` Հայաստանում բնակվող 1254 ազգականներին վճարելիք հատուցումների գումարը կազմում է $3,6 մլն, եւս $2,7 մլն կստանան ԱՄՆ հայերը: Ընդհանուր առմամբ հատուցում կստանան աշխարհի 26 երկրներում բնակվող հայեր: Հատուցումների ընդհանուր գումարը կազմում է մոտ $8 մլն: Հատուցումների տրամադրումից հետո կմնա $3 միլիոնից քիչ ավել, որը կբաշխվի բարեգործական կազմակերպություններին: