26 փետրվարի 2010 - 15:48 AMT
Լրացավ Անդրանիկ Օզանյանի ծննդյան 145-ամյակը


«Ես չհասցրի գործս ավարտել», - գրել է զորավար Անդրանիկը: Հայ ժողովրդի ամենապատվելի զորավարի հիշատակը ժողովուրդը 145 տարի անց եւս փառաբանում է` հիշելով 19-20-րդ դդ. ազգային-ազատագրական պայքարում նրա կատարած քաջագործությունները:

Անդրանիկ Օզանյանը ծնվել է 1865 թ. փետրվարի 25-ին, Արեւմտյան Հայաստանի Շապին Գարահիսար բնակավայրում (Օսմանյան կայսրության Տրապիզոնի վիլայեթում, այսօր` Թուրքիայի Գիրեսուն գավառ): 20-րդ դարի սկզբին նրա անունը թնդում էր ողջ երկրում եւ ահուսարսափ էր տարածում հայերի թշնամիների մոտ: Զորավար Անդրանիկը հայ ժողովրդի թշնամիների դեմ պայքարում էր ոչ միայն Արեւմտյան Հայաստանում, այլեւ Արեւելյան Հայաստանում, Իրանում, Բալկաններում:

Անդրանիկ զորավարի կամավորական բանակը Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին թուրքական յաթաղանից փրկել է հազարավոր հայերի:

1919 թ. Անդրանիկ Օզանյանը լուծարում է կամավորականների իր գունդը, զենքը հանձնում է Ամենայն հայոց կաթողիկոսին եւ հեռանում է Եվրոպա, որպեսզի նոր ուժեր հավաքագրի` Կիլիկիայի հայկական պետականությունը վերականգնելու համար:

Զորավարն իր կյանքի վերջին տարիները անց է կացնում ԱՄՆ-ում: Նա մահացել է 1927 թ. օգոստոսի 31-ին, Ֆրեզնոյում: 1928 թ. հունվարին նրա զինակիցները սիրելի զորավարի դին տեղափոխել են Փարիզ եւ թաղել «Պեր-Լաշեզ» գերեզմանոցում: 2000 թ. Զորավար Անդրանիկի դին երկրորդ անգամ է տեղափոխվում, այս անգամ բերվելով Հայաստան: Այն իր վերջին հանգրվանն է գտնում «Եռաբլուր» գերեզմանոցում: