26 փետրվարի 2010 - 19:02 AMT
Սումգայիթում տեղի ունեցած իրադարձությունները ծրագրված էին պետական մակարդակով


Ադրբեջանի հայերի համար Սումգայիթի իրադարձությունները ջրբաժան են անցյալի եւ ապագայի միջեւ: Այս մասին Երեւանում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է «Ադրբեջանի հայերի վեհաժողով» ՀԿ-ի ղեկավար Գրիգոր Այվազյանը: Նրա խոսքերի համաձայն, այդ իրադարձությունները ցույց են տվել, որ հայերն ու ադրբեջանցիները մեկ պետության սահմաններում չեն կարող խաղաղ ապրել: «1988 թ. Ղարաբաղյան շարժումը պայքար էր ոչ միայն անկախության ու ազատության համար, այլեւ պայքար էր կյանքի եւ մահու», - ասել է Այվազյանը:

Սումգայիթի դեպքերին անդրադառնալով, Այվազյանն ասել է. «Բավական չէ, որ մենք լռում ենք իրականում եղածի մասին, իսկ Ադրբեջանն իր սուտը քարոզում է ողջ աշխարհով մեկ` կեղծելով պատմական իրադարձությունները, իրեն էլ ներկայացնելով որպես զոհ»: Ընդ որում, նա ընդգծել է, որ Սումգայիթում պետական մակարդակով հայ ժողովրդի դեմ ցեղասպանություն էր կազմակերպված:

«Ադրբեջանն ուզում է «Խոջալուի դեպքերը» համարժեք դարձնել Սումգայիթի դեպքերին եւ միջազգային հասարակայնության ուշադրությունը շեղել սեփական հանցագործ քաղաքականությունից», - ասել է Այվազյանը, ավելացնելով, որ վեհաժողովը անուշադրության չի մատնի այդ հանցագործությունը: