26 փետրվարի 2010 - 23:04 AMT
Լեհ դիվանագետը մտադիր է իր ավանդն ունենալ Հայաստանի եւ Լեհաստանի փոխգործակցությունը խորացնելու գործում


Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում Լեհաստանի նորանշանակ դեսպան Զդիսլավ Ռաչինսկուն` հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:

Շնորհավորելով դեսպան Ռաչինսկուն Էդվարդ Նալբանդյանն ասաց. «Հայաստանի եւ Լեհաստանի բարեկամությունը գալիս է դարերի խորքից եւ մենք պետք է ջանքեր գործադրենք դրանց առավել ամրապնդման եւ խորացման ուղղությամբ»: Նախարար Նալբանդյանը նաեւ հույս հայտնեց, որ Լեհաստանի նոր դեսպանն իր կարեւոր ներդրումը կունենա երկու երկրների համագործակցության հետագա ընդլայնման գործում: Իր հերթին դեսպան Ռաչինսկին, շնորհակալություն հայտնելով բարեմաղթանքների համար, վստահեցրեց, որ պաշտոնավարման ընթացքում կանի առավելագույնը տարբեր բնագավառներում փոխգործակցությունը խորացնելու համար: Զրուցակիցներն անդրադարձան առաջիկայում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հրավերով Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկի Հայաստան կատարելիք այցելության նախապատրաստական աշխատանքներին:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին Հայաստանի եւ Լեհաստանի հարաբերություններին, ինչպես նաեւ Հայաստան ԵՄ համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ, մտքեր փոխանակեցին երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք տարածաշրջանային եւ միջազգային խնդիրների շուրջ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: