2 մարտի 2010 - 11:42 AMT
«Հայաստան» համահայկական հիմնադրամը սկսել է Աբովյանի ծննդատան ծնարանային-վիրահատական բաժանմունքի հիմնանորոգումը

«Հայաստան» համահայկական հիմնադրամը փետրվարին սկսել է Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի ծննդատան ծնարանային- վիրահատական բաժանմունքի հիմնանորոգման աշխատանքները: Ծրագիրը հովանավորում է Հիմնադրամի Մոնրեալի տեղական մարմինը` ի դեմս կանադահայ բարերարներ Վրեժ եւ Իմաստուհի Նիկողոսյանների:

Ինչպես տեղեկացնում է հիմնադրամի հասարակության հետ կապերի բաժինը, քանդման աշխատանքներն ավարտված են, ներկայումս կառուցվում են միջնորմային պատերը: Կնորոգվի բաժանմունքի հատակը, կփոխարինվեն դռներն ու պատուհանները, կիրականացվեն սալիկապատման աշխատանքներ:

Ծննդատան գլխավոր բժիշկ Լարիսա Մադոյանի խոսքով` արդեն 25 տարի գործող ծննդատան անմխիթար վիճակը չէր կարող չանդրադառնալ բուժսպասարկման որակի վրա: «Նախեւառաջ բարվոք պայմաններն են, որ մայրերին ապահովության ու վստահության զգացում են ներշնչում, ինչը շատ կարեւոր է թե՛ նորածնի, եւ թե՛ սպասարկող անձնակազմի համար»,- նշեց գլխավոր բժիշկը: Վերջինս նաեւ տեղեկացրեց, որ ընթացիկ տարում ունեցել են 193 ծնունդ:

Մարզի 7 քաղաքային եւ շուրջ 60 գյուղական բնակավայրերը սպասարկող ծննդատանը 2009-ին ընդունվել է 1422 ծնունդ, սպասարկվել` 247 ամբուլատոր հիվանդ, վիրահատվել` 347 կին եւ բժշկական խորհրդատվություն ստացել` 17 656 հղի կին:

«Մեր այսօրինակ աշխատանքի լավագույն գնահատականը ծնունդների աճն է տվյալ համայնքում»,- ասում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը։

Հատկանշական է, որ առողջապահական ոլորտի ծրագրերի շրջանակում այս պահին ընթանում են նաեւ Երեւանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի ծննդատան նորածնային-հետծննդյան բաժանմունքի, «Նորքի» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի «բ» մասնաշենքի, Նոյեմբերյանի հիվանդանոցի հիմնանորոգման, ինչպես նաեւ Գորիս քաղաքում «Զանգեզուր» սրտաբանական կենտրոնի կառուցման աշխատանքները: