2 մարտի 2010 - 14:53 AMT
Ընդլայնվում է ԼՂՀ այցելողների աշխարհագրությունը

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հյուպատոսական ծառայության տվյալների համաձայն, չնայած համաշխարհային ֆինանսական ճգնաժամին, 2009 թվականի երկրորդ, երրորդ եւ չորրորդ եռամսյակներում ԼՂՀ այցելած օտարերկրյա քաղաքացիների ընդհանուր թիվը 10%-ով ավելացել է 2008 թվականի համանման ժամանակահատվածի համեմատությամբ:

Շարունակում է ընդլայնվել ԼՂՀ այցելող օտարերկրացիների աշխարհագրությունը: Ինչպես տեղեկացնում է ԼՂՀ Արտաքին գործերի նախարարության մամլո ծառայությունը, անցյալ տարի առաջին անգամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն են այցելել զբոսաշրջիկներ Մոզամբիկից, Գայանայից, Մավրիտանիայից, Վենեսուելայից: Այցելուների շրջանում գերակշռում են ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Իրանի, Մեծ Բրիտանիայի, Հոլանդիայի, Շվեյցարիայի, Կանադայի, Իտալիայի, Լեհաստանի, Հնդկաստանի, ԱՊՀ երկրների` մասնավորապես Ռուսաստանի եւ Թուրքմենստանի քաղաքացիները:

Այս տվյալները վկայում են այն մասին, որ արտասահմանյան երկրների — նրանց քաղաքացիների հետաքրքրությունը Արցախի նկատմամբ շարունակում է աճել: Այդ գործընթացին նպաստում է նաեւ ղարաբաղյան հիմնախնդրի, երկրի պատմության, ԼՂՀ-ում ժողովրդավարական սկզբունքների արմատավորման մասին միջազգային տարբեր զանգվածային տեղեկատվության միջոցների հավաստի տեղեկատվությունը: