3 մարտի 2010 - 15:48 AMT
«Միկա» ֆուտբոլային ակումբը 1:0 հաշվով պարտության է մատնել «Լոկոմոտիվին»

Մարտի 2-ին Երեւանի «Միկա» ֆուտբոլային ակումբը Մալագայում (Իսպանիա) ընկերական հանդիպում է անցկացրել ռուսական պրեմիեր լիգայի «Լոկոմոտիվ» թիմի հետ: Չնայած նրան, որ «Միկայի» կազմում բացակայում էին ֆուտբոլիստներ Աղվան Մկրտչյանը, Ալեքսանդր Թադեւոսյանը եւ Հրայր Մկոյանը, որոնք Հայաստանի հավաքականի հետ պատրաստվում էին Բելառուսի հավաքականի հետ խաղի, «Միկան» կարողացավ հաղթանակ տանել: Խաղն ավարտվեց 1:0 հաշվով, միակ գոլի հեղինակ դարձավ կիսապաշտպան Ուլիսես Մոնտենեգրոն:

Ինչպես հայտնում է ակումբի պաշտոնական կայքը, Իսպանիա չեն մեկնել թիմի փորձառու խաղացողներ Արամ Ոսկանյանը, Հրաչյա Միքայելյանը եւ Սոսո Գրիշիկաշվիլին: «Միկայի» հաջորդ հանդիպումը կայանալու է մարտի 6-ին, բայց մրցակիցը դեռ չի որոշվել:

«Միկա» ակումբը ստեղծվել է 1985թ. Աշտարակում եւ սկզբնական շրջանում կոչվել է «Օլիմպիա»: 1987-1990թթ. թիմը չի մասնակցել ԽՍՀՄ առաջնություններին: Սակայն 1990թ. ՀՀ ֆուտբոլի առաջին առաջնությունից առաջ ակումբը վերականգնվեց նոր` «Քասախ» անունով: Լիգայի պարտավորությունները չկատարելու պատճառով 1996թ. ակումբը դուրս եկավ խաղարկությունից, սակայն շուտով` 1999թ. վերադարձավ: Ակումբը մեկ անգամ եւս վերանվանվեց` այդպես սկսվեց «Միկայի» պատմությայն նոր էջը:

«Միկան» Հայաստանի 5 գավաթի խաղարկությունների եւ Հայաստանի մեկ Սուպերգավաթի հաղթող է: Որպես երկրի գավաթակիր մասնակցել է ՈՒԵՖԱ-ի որակավորման փուլերին: Լավագույն արդյունքը ակումբը գրանցել է 2007թ.` 2-դր որակավորման փուլում: «Միկան» 2004, 2005, 2009թթ. Հայաստանի առաջնության արծաթե մրցանակակիր է, 2006, 2007թթ. ՀՀ առաջնության բրոնզե մրցանակակիր, ՀՀ 2000, 2001, 2003, 2005, 2006թթ. գավաթակիր է, ՀՀ 2006թ. Սուպերգավաթի հաղթող: