4 մարտի 2010 - 14:46 AMT
Գառնիկ Իսագուլյան. Հայաստանը տարածքներ հանձնող պետություն չէ

Հայաստանը տարածքներ հանձնող պետություն չէ: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդական Գառնիկ Իսագուլյանը` մեկնաբանելով Ղարաբաղի անվտանգության գոտին կազմող շրջաններն Ադրբեջանին հանձնելու հնարավորությունը որպես զիջում Հայաստանի կողմից ղարաբաղյան խնդրում: Ըստ նրա, Հայաստանը օտար տարածքներ չի զավթել, որպեսզի ինչ-որ բան վերադարձնի: Ընդ որում նա նշել է, որ Հայաստանի կողմից արդեն իսկ մեծ զիջում էր այն, որ նա համաձայնվեց բանակցել ղարաբաղյան հակամարտության շուրջ բանակցություններում ԼՂՀ-ի փոխարեն:

«Որեւէ տարածքի հանձնման հարց կարող է քննարկվել միայն Արցախի Հանրապետության եւ Ադրբեջանի միջեւ, այն բանից հետո, երբ Ղարաբաղը կվերադառնա բանակցային գործընթաց»,-ասել է ՀՀ նախագահի խորհրդականը:

Անդրադառնալով Մադրիդյան սկզբունքներին` Իսագուլյանն ասել է, որ ի տարբերություն Բաքվի, Երեւանն արդեն ներկայացրել է իրր առաջարկությունները նորացված Մադրիդյան սկզբունքների վերաբերյալ: Ըստ նրա, այդ մասին մի քանի օր առաջ հայտարարել է ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը:

Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցին ` Իսագուլյանն ասել է, որ Հայաստանի իշխանությունների նախաձեռնող քաղաքականությունն այս հարցում միանգամայն ճիշտ էր եւ տեղին, քանի որ երկիրը պետք է ձգտի նորմալ հարաբերություններ հաստատել հարեւան երկրների միջեւ: «Ազգային անվտանգության տեսակետից այս գործընթացը նոր հնարավորություններ է բացում մեր առջեւ»,-ասել է Իսագուլյանը:

«Չնայած նրան, որ մենք չենք երկրների միջեւ սահմանի փակման նախաձեռնողները, Հայաստանը ցույց տվեց, որ պատրաստ է համագործակցել Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման եւ սահմանի բացման հարցում»,-ասել է Գառնիկ Իսագուլյանը: