4 մարտի 2010 - 15:17 AMT
Հայաստանի երիտասարդական հավաքականը 2:1 հաշվով պարտության է մատնել իռլանդացիներին

Մարտի 3-ին 2011-ի Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի շրջանակներում Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքականը 2:1 հաշվով պարտության է մատնել Իռլանդիայի հավաքականին: Հանդիպումը տեղի է ունեցել Դուբլինում (Իռլանդիա) «Թալագտ» մարզադաշտում:

Ինչպես հայտնում է UEFA-ի պաշտոնական կայքը, 34-րդ րոպեին Լեւոն Հայրապետյանը շրջանցելով միանգամից մի քանի պաշտպանների գրավել է հակառակորդի դարպասը եւ բացել խաղի հաշիվը: Գեւորգ Ղազարյանը ընդմիջումից հինգ րոպե առաջ տուգանայինից կրկնապատկեց Հայաստանի հավաքականի առավելությունը: Իռլանդացիները մի քանի րոպե անց Յան Դելի ջանքերով գոլ են խփել:

Այդ հաղթանակից հետո Հայաստանի երիտասարդական հավաքականը 7 միավորներով ամրապնդվեց 5-րդ հորիզոնականում, իսկ իռլանդացիները պարտությունից հետո 4 միավորվ եզրափակում են մրցաշարային աղյուսակը: Խմբի առաջատարն է Շվեյցարիայի հավաքականը (16 միավոր):

2011-ի Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի առաջին խաղում Հայաստանի եւ Իռլանդիայի հավաքականները հանդիպել էին նոյեմբերի 17-ին Երեւանում, այդ ժամանակ Հայաստանը հաղթել էր 4:1 հաշվով:

Մարտի 3-ին 2011-ի Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի շրջանակներում Հայաստանի երիտասարդական հավաքականը 2:1 հաշվով պարտության է մատնել իռլանդացիներին: