4 մարտի 2010 - 19:53 AMT
Լիոնում ջավախքահայության իրավունքների պաշտպանությանն ուղղված ցույց է տեղի ունեցել

2010թ. մարտի 3-ին Ֆրանսիայի Լիոն քաղաքի բնակիչ տասնյակ հայեր ցույց էին կազմակերպել «Եվրանյուզ» հեռուստաընկերության կենտրոնակայանի առջեւ: Ցույցի նպատակը վրացական իշխանությունների կողմից երկրի հայ փոքրամասնության եւ, մասնավորապես, ջավախքահայության նկատմամբ իրականացվող խտրական քաղաքականության դեմ բողոքն արտահայտելն էր:

Հ.Յ. Դաշնակցության Ֆրանսիայի Ռոն-Ալպ նահանգի կոմիտեի ներկայացուցիչ ու Վիլլերբան քաղաքի քաղաքապետի խորհրդական Մովսես Նիսանյանը եւ այլ ելույթ ունեցողները դատապարտել են ջավախքահայության տարրական իրավունքների ոտնահարման քաղաքականությունն ու Եվրամիությունից պահանջել քայլեր ձեռնարկել Վրաստանի հայ փոքրամասնության առջեւ ծառացած հիմնախնդիրները լուծելու, մասնավորապես` ջավախքահայ քաղաքական գործիչ Վահագն Չախալյանի արդար դատավարության իրավունքը ապահովելու ուղղությամբ:

Ցույցի ավարտին ցուցարարներից կազմված պատվիրակությունը հանդիպել է «Եվրանյուզ» հեռուստաընկերության համապատասխան պաշտոնատար անձանց հետ` փոխանցելով նրանց ցույցի նպատակի եւ պահանջների բնույթի վերաբերյալ մամուլի համար կազմված հաղորդագրությունը:

Ի պաշտպանություն ջավախքահայության իրավունքների Լիոնի հայության գործողությունները կրելու են հաջորդական բնույթ: Մասնավորապես, ապրիլի 3-ին նախատեսվում է անցկացնել նոր ցույց` ֆրանսիական «FRANCE 3» հեռուստաընկերության կենտրոնակայանի առջեւ: