5 մարտի 2010 - 12:23 AMT
252-րդ բանաձեւն անհարգալից վերաբերմունք է դրսեւորում Թուրքիայի ժողովրդի հանդեպ, գտնում է Աբդուլլահ Գյուլը

Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ մարտի 4-ին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների կոմիտեում Հայոց ցեղասպանության վերաբերյալ թիվ 252 բանաձեւի քվեարկության մասին:

«Ես չեմ կարծում, որ դա խելամիտ լուծում է եւ ցավով եմ ընդունում այն: Օրինագիծն անհարգալից վերաբերմունք է դրսեւորում Թուրքիայի ժողովրդի հանդեպ: ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի կոմիտեի կողմից միակողմանի մեկնաբանությամբ եւ պատմական իրողություններից հեռու այս տեքստի ընդունումը անհարիր է ԱՄՆ-Թուրքիա հարաբերություններին: Այս զարգացումը սպառնալիքի տակ կդնի այն ջանքերը, որոնք ուղղված են խաղաղության ու կայունության հաստատմանը Հարավային Կովկասում, ժողովրդների միջեւ մշտական բարիդրացիական հարաբերությունների ստեղծմանը: Քաղաքական շահերով պայմանավորված այս բանաձեւն ես ընկալում եմ որպես հակապատմական եւ հակապատմագրական: Թուրքիան պատասխանատվություն չի կրում այն բացասական հետեւանքների համար, որոնք կարող են առաջանալ տարբեր ոլորտներում այս բանաձեւի ընդունման արդյունքում»,-ասված է Թուրքիայի նախագահի հայտարարության մեջ: