5 մարտի 2010 - 17:24 AMT
Հայաստանի բանկային համակարգը 2009 թվականին լավագույն ցուցանիշներն է գրանցել ԱՊՀ եւ Արեւելյան Եվրոպայի երկրների թվում

Հետխորհրդային տարածքում, հարեւան եւ նախկին սոցիալիստական դաշինքի, ինչպես նաեւ Արեւելյան Եվրոպայի երկրների, եւ Եվրոպա ձգտող երկրների թվում բանկային համակարգի լավագույն ցուցանիշները գրանցվել են Հայաստանում: Այդ մաիսն Դիլիջանում լրագրողներին է հայտարարել ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը: «Այդ մասին են վկայում նաեւ մեր միջազգային գործընկերների վերջին զեկույցներն այն մասին, որ մեր ֆինանսական համակարգը, մասնավորապես, բանկային հատվածը, կայուն է, առավել թափանցիկ է եւ ներուժ ունի` դիմակայելու համար ճգնաժամի նոր մարտահրավերներին, որոնք դեռ ակնկալվում են»,-ասել է նա:

Այս առնչությամբ Ա.Ջավադյանը ասել է նաեւ, որ ըստ մասնագետների կանխատեսումների, Հայաստանը ֆինանսատնտեսական ճգնաժամի հաղթահարման վերջին փուլում է գտնվում: «Հուսով ենք, որ բոլոր այդ կանխատեսումները բավական հուսադրող են եւ մենք խնդիրներ չենք ունենա ֆինանսական համակարգում»,-ասել է Ա.Ջավադյանը:

Հայաստանի բանկային համակարգի միացյալ ակտիվները 2009թ. արդյունքներով որոշակի աճ են գրանցել` 25 տոկոսով, վարկավորման ծավալները ավելացել են 14 տոկոսով, իսկ Հայաստանի ֆինանսական միջնորդության ցուցանիշը գերազանցել է 40 տոկոսը ՀՆԱ-ի ընդհանուր ծավալում: