5 մարտի 2010 - 17:26 AMT
Կոնգրեսում 252 բանաձեւի առաջխաղացումն Անկարային կստիպի քայլ կատարել Արձանագրությունների վավերացման ուղղությամբ

Եթե ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեում ընդունված Հայոց ցեղասպանության մասին 252 բանաձեւը առաջ գնա Կոնգրեսում, ապա մեծ է հավանականությունը, որ Անկարան քայլ կկատարի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրությունների վավերացման գործընթացում: Այդ մասին այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտնեց թուրքագետ Արտակ Շաքարյանը:

«Եթե բանաձեւը քննարկվի ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում եւ Սենատում, ապա Թուրքիան կարող է կամ վավերացնել Արձանագրություններից մեկը, կամ էլ ընդունել դրանք խորհրդարանական կոմիտեի մակարդակով»,- ասաց թուրքագետը` նշելով, որ Թուրքիայի համար ավելի հեշտ կլինի բացել Հայաստանի հետ սահմանը, որը նա կկարողանա ցանկացած պահին փակել, քան Երեւանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատել:

Արտակ Շաքարյանի խոսքով, եթե Կոնգրեսում բավարարվեն ընդամենը կոմիտեի մակարդակով բանաձեւի ընդունմամբ, ապա Արձանագրությունների հարցում չարժե առաջընթաց ակնկալել:

Թուրքագետն ընդգծեց ԱՄՆ հայկական լոբբիստական կազմակերպությունների հետ Հայաստանի ԱԳՆ համագործակցության անհրաժեշտությունը, որպեսզի ապրիլի կեսերին 252 բանաձեւի հարցում առաջընթաց արձանագրվի ԱՄՆ Կոնգրեսում:

Նրա կարծիքով, այս տարի Կոնգրեսի կողմից բանաձեւի ընդունման հավանականությունն ավելի մեծ է, քան 2007 թվականին` հաշվի առնելով այն փաստը, որ 2010 թվականի նոյեմբերին Կոնգրեսի ընտրություններ են սպասվում, եւ կոնգրեսականները կցանկանան ստանալ Ամերիկայի հայ համայնքի օժանդակությունը:

Խոսելով Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում Անկարայի քաղաքականության մասին` Արտակ Շաքարյանն ընդգծեց, որ սխալ է համարում ստիպել Թուրքիային ընդունել այդ փաստը: «Հայաստանը պետք է այնպիսի երկիր դառնա, որի հետ հաշտեցման հարցում Թուրքիան ինքը շահագրգռված կլինի»,- ասաց թուրքագետը:

Մարտի 4-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեն 23 «կողմ» եւ 22 «դեմ» ձայներով ընդունեց Հայոց ցեղասպանության մասին 252 բանաձեւը: Պրոֆիլային կոմիտեում քվեարկությունից հետո բանաձեւը Ներկայացուցիչների պալատ կուղարկվի վերջնական քվեարկության համար: