5 մարտի 2010 - 18:47 AMT
Սերբ ռեժիսոր Էմիր Կուստուրիցան եւ «The No Smoking Orchestra» խումբը ելույթ կունենան Երեւանում

Մարտի 5-ին Ալեքսանդր Սպենդիարյանի անվան Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում կկայանա հայտնի սերբ կինոռեժիսոր եւ երաժիշտ Էմիր Կուստուրիցայի եւ «The No Smoking Orchestra» խմբի համերգը:

Հայտնի կինոռեժիսորի եւ նրա խմբի եռօրյա այցը Հայաստան կազմակերպվել է ՀՀ Մշակույթի նախարարության կողմից:

Մարտի 4-ին Կուստուրիցան այցելեց Սերգեյ Փարաջանովի տուն-թանգարան, որտեղ հանդիպեց Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի հետ:

«Սերգեյ Փարաջանովի տուն-թանգարանը ցույց է տալիս, թե ինչպիսի մեծ մարդ ու արվեստագետ է եղել Փարաջանովը: Ցավոք, աշխարհն այլեւս նման հանճարների լույս աշխարհ չի բերում»,- այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսում իր տպավորություններով կիսվեց հայտնի սերբ կինոռեժիսոր եւ երաժիշտ Էմիր Կուստուրիցան:

Ռեժիսորն ընդգծեց մշակույթի ինքնատիպության պահպանման կարեւորությունը եւ ավելացրեց. «Փոքր ժողովրդի ներկայացուցիչը պարտավոր է կրթված լինել: Փոքր երկրները պետք է վերամիավորեն եւ հավատարիմ մնան իրենց հավատին ու մշակույթին: Փոքր ժողովուրդներն ուղղակի մշակույթի կարիք ունեն, մինչդեռ մեծերն արվեստը որպես արգելք են ընկալում մշակույթից վիդեոխաղերին անցում կատարելու համար»:

Հայաստան կատարած իր այցի մասին Կուստուրիցան պատրաստվում է երկու ֆիլմ նկարահանել, որոնց հեղինակները կլինեն Կոխկի-Ստեֆան Հասեյնը եւ Մարատ Սարգսյանը (Լիտվա):