5 մարտի 2010 - 22:24 AMT
Կոնգրեսականների որոշումը խաթարում է Օբամայի ռազմավարությունը Թուրքիայի ուղղությամբ

Հինգշաբթի օրն ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովն ընդունել է Օսմանյան կայսրությունում Առաջին աշխարհամարտի տարիներին իրագործած Հայոց ցեղասպանության մասին բանաձեւը: Այս փաստաթուղթը լուրջ փորձություն կդառնա Թուրքիայի հետ գործընկերությունն ամրապնդելու Օբամայի քաղաքականության համար, գրում է The Financial Times-ը:

Սպիտակ տան արտաքին քաղաքական ռազմավարության մեջ Թուրքիան կարեւոր տեղ է զբաղեցնում: Ամերիկյան դիվանագետները ելնում են նրանից, որ թուրքական բանակը ՆԱՏՕ-ի անդամների շարքում թվով երկրորդն է, Անկարայի ազդեցությունը Մերձավոր Արեւելքում աճում է (դրա հետ մեկտեղ միջազգային ասպարեզում նրա ինքնավստահությունը), Թուրքիայի տարածքում տեղակայված են կարեւոր ամերիկյան բազաներ: ԱՄՆ-ում այդ երկրի քաղաքական համակարգն ընդօրինակելի են համարում «մահմեդական աշխարհի մեծամասնության համար»: Բացի դրանից, ԱՄՆ-ն փորձում է ստանալ Անկարայի աջակցությունը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, որտեղ որոշվում է Իրանի հանդեպ նոր պատժամիջոցներ կիրառելու հարցը:

«Ամենայն հավանականությամբ Թուրքիայի ժողովրդին բարդ եւ ցավալի գործընթաց է սպասվում, բայց արդյունքում այն կամրապնդի թուրքական ժողովրդավարությունը եւ ավելի կամրապնդի Թուրքիայի եւ ԱՄՆ հարաբերությունները»,- մեկնաբանել է բանաձեւի ընդունմանը կողմ քվեարկած հանձանաժողովի նախագահ Հովարդ Բերմանը: Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի կարծիքով ԱՄՆ Կոնգեսի ստորին պալատում ամբողջական կազմով բանաձեւի քննարկման հարցը դեռ չի որոշվել: