9 մարտի 2010 - 17:03 AMT
Հայաստանի Կենտրոնական բանկը շարունակում է խստացնել դրամավարկային քաղաքականությունը

2010 թ. մարտի 9-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.5 տոկոսային կետով՝ սահմանելով այն 6.5%, հաղորդում է ՀՀ ԿԲ մամլո ծառայությունը:

2010 թ. փետրվարին նախորդ ամսվա նկատմամբ արձանագրվել է 0.3% գնաճ, որի պարագայում 12-ամսյա գնաճի ցուցանիշը ավելացել է նախորդ ամսվա նույն ցուցանիշի համեմատ 2.4 տոկոսային կետով` կազմելով 9.4%: Հատկանշական է, որ 12-ամսյա գնաճի ցուցանիշի նման կտրուկ ավելացումը ամբողջությամբ պայմանավորվել է նախորդ տարվա փետրվար ամսվա գնաճի զարգացումներով, երբ արձանագրվել էր 1.8% աննախադեպ բարձր գնանկում: Այս պարագայում, փետրվարին իր բարձրակետին հասնելուց հետո մարտից սկսած գնաճի տեմպը նվազելու է` չնայած ապրիլի 1-ից որոշ կոմունալ ծառայությունների սակագների թանկացմանը:

«ԿԲ» Խորհուրդը գնահատում է, որ նախորդ ամիսներից սկսած միջազգային շուկաներում հանքահումքային եւ հիմնական պարենային ապրանքների գների աճով եւ տնտեսական ակտիվության աստիճանական վերականգնմամբ պայմանավորված բնաճային միջավայրը կանխատեսվող հորիզոնում պահպանվելու է: Վերոնշյալ պայմաններում գնաճի շեղումները նպատակային թիրախից նվազեցնելու նպատակով Խորհուրդը շարունակում է կարեւորել դրամավարկային քաղաքականության աստիճանական կոշտացումը»,-ասվում է հաղորդագրության մեջ: