8 մարտի 2010 - 16:25 AMT
CNN-ի Scream Bloody Murder ֆիլմն առաջ է բերել ԱՄՆ թուրքական լոբբիի անհանգստությունը

CNN հեռուստաալիքի` ցեղասպանությունների մասին պատմող Scream Bloody Murder փաստագրական ֆիլմն առաջ է բերել ԱՄՆ թուրքական լոբբիի անհանգստությունը: Թուրք-ամերիկյան ասոցիացիաների վեհաժողովի (ATAA) փոխնախագահ Ալի Ջինարը հայտարարություն է տարածել ֆիլմի հեռարձակման առիթով` բոլորին կոչ անելով բողոք արտահայտել հեռուստաալիքի դեմ:

Չինարը հայտարարել է, որ ամերիկյան հեռուստաալիքը ներկայացնում է միայն հայ համայնքի դիրքորոշումը եւ օբյեկտիվ տեղեկատվություն չի տարածում: ATAA փոխնախագահն ընդգծել է, որ CNN-ի ֆիլմը կվնասի թուրք-ամերիկյան հարաբերություններին: Նրա խոսքով, Հայոց ցեղասպանության ասոցացումը Հոլոքոստի, Ռուանդայի, Կամբոջայի եւ Դարֆուրի ցեղասպանությունների հետ մեծ անշնորհքություն է, հաղորդում է Anatolia News Agency-ն:

Մարտի 7-ին CNN հեռուստաալիքը ցուցադրեց ցեղասպանությունների մասին պատմող Scream Bloody Murder փաստագրական ֆիլմը: Փաստագրական ֆիլմում հեռուստաալիքի հայտնի լրագրող Քրիսթիան Ամանպուրը պատմում է Հայոց ցեղասպանության, Հոլոքոստի, Ռուանդայի, Կամբոջայի եւ Դարֆուրի ցեղասպանությունների, ինչպես նաեւ Իրաքում Սադդամ Հուսեյնի վարչակարգի ժամանակաշրջանում քրդերի զանգվածային գնակոծությունների մասին: Նշանակալի է այն, որ Ամանպուրի տեսանյութում Հայոց ցեղասպանության թեմային ընդամենը 46 վայրկյան էր հատկացված: