11 մարտի 2010 - 19:25 AMT
Գորան Լենմարկեր. «Շվեդիան ցանկանում է Հայաստանին տեսնել ԵՄ կազմում»

«Արեւելյան գործընկերություն» Եվրամիության նախաձեռնությունը Հայաստանին առաջարկում է ԵՄ-ի հետ ավելի սերտ համագործակցություն: Սա առաջարկ է պաշտոնական Երեւանին, եւ նա էլ պետք է որոշի, թե Հայաստանը որքան է ուզում մոտ լինել Եվրամիությանը: Այս մասին Երեւանում հայտարարել է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի Լեռնային Ղարաբաղի հարցով հատուկ ներկայացուցիչ Գորան Լենմարկերը: «Ընտրությունը դուք պետք է կատարեք, եւ Հայաստանը, որպես անկախ պետություն, կարող է ընտրել իր ուղին: Եթե նա չի ցանկանում դառնալ ԵՄ անդամ, ապա այս նախաձեռնության միջոցով կարող է Բրյուսելի համար դառնալ լավ գործընկեր», - ասել է Լենմարկերը;

ԵԱՀԿ ԽՎ հատուկ ներկայացուցչի խոսքերի համաձայն, Շվեդիան Հայաստանին ուզում է տեսնել ԵՄ շարքերում: «Հայաստանը, որ 301 թ. քրիստոնեությունը որպես պետական կրոն է ընդունել` եվրոպական երկիր է եւ մենք ցանկանում ենք նրան տեսնել Եվրամիության կազմում», - ընդգծել է Գորան Լենմարկերը: Միաժամանակ նա ավելացրել է, որ Հայաստանի հետ հարաբերությունները խորացնելու մասին ԵՄ ցանկությունը բոլորովին չի նշանակում, որ Հայաստանը պետք է խզի իր հարաբերությունները Ռուսաստանի հետ: «Արեւելյան գործընկերությունը» հեռուն գնացող ծրագրեր ունի, իսկ Հայաստանը ինքը պետք է որոշի, թե ուզում է արդյոք եվրոպական ընտանիքի հետ հարաբերությունները խորացնել», - ասել է Լենմարկերը: