12 մարտի 2010 - 13:49 AMT
ԵԱՀԿ ՄԽ համանախագահները միասնական մոտեցում ունեն ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները միասնական մոտեցում ունեն ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ: Այդ մասին Երեւանում ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի Rose Roth 73-րդ սեմինարում հայտարարել է ԵԱՀԿ ՄԽ ֆրանսիացի համանախագահ Բերնար Ֆասյեն: «Ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ զբաղվող միջնորդ երկրները կարող են տարբեր դիրքորոշումներ ունենալ այլ հարցերի շուրջ, սակայն Ղարաբաղի հարցում մենք աշխատում ենք համաձայնության եւ համագործակցության մթնոլորտում»,-ասել է ֆրանսիացի համանախագահը:

Պատասխանելով ղարաբաղյան հակամարտության հանգուցալուծմանն ուղղված Ռուսաստանի զուգահեռ քաղաքականության մասին հարցին` Բերնար Ֆասյեն նշել է, որ Մոսկվան իր ավանդն է ներմուծում հակամարտության կարգավորման գործում այն առաջարկների շրջանակներում, որոնք մշակել են ԵԱՀԿ ՄԽ երեք համանախագահները:

Լեռնային Ղարաբաղի հակամարտության ռազմական փուլը ծագել է 1991թ., երբ ի պատասխան ԼՂ բնակչության ինքնորոշման պահանջի, ադրբեջանական իշխանությունները փորձեցին հարցը լուծել` խորհրդային անվտանգության ուժերի (ԿԳԲ-ի հատուկ ջոկատներ) կողմից անձնագրային ռեժիմի իրականացման քողի տակ էթնիկ զտումներ իրականացնելով եւ լայնածավալ ռազմական գործողություններ սկսելու ճանապարհով, որը բերեց հազարավոր զոհերի եւ զգալի նյութական կորուստների: 1994թ. կնքվեց զինադադար: Ներկայումս հիմնախնդրի կարգավորման շուրջ բանակցությունները ընթանում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների (Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա) միջնորդությամբ` 2007 թ. նոյմբերին վերջիններիս կողմից ներկայացված մադրիդյան առաջարկությունների հիման վրա:

Ադրբեջանը մինչ այսօր չի կատարում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1993 թ. 4 բանաձեւերը` շարունակելով տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքի հրահրումը եւ կոպտորեն խախտելով միջազգային իրավունքի ուժի եւ ուժի սպառնալիքի չկիրառման սկզբունքը: