12 մարտի 2010 - 18:50 AMT
Հայաստանի ու Վրաստանի տարածքային կառավարման նախարարները քննարկել են երկու երկրների ապակենտրոնացման փորձը

Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկի` Հայաստան աշխատանքային այցի շրջանակում ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր ընդունեց Լեհաստանի տարածքային զարգացման նախարար Էլիզաբետա Բիենկովսկայի գլխավորած պատվիրակությանը, հաղորդում է նախարարության մամլո ծառայությունը:

Ա. Գեւորգյանը ողջունեց հյուրերին եւ կարեւորեց, որ Լեհաստանի վարչապետի գլխավորած պատվիրակության կազմում է նաեւ տարածքային զարգացման նախարարը, ինչը լավ առիթ է համագործակցության հարցեր քննարկելու: Փոխվարչապետը նկատեց, որ Լեհաստանը ԵՄ Արեւելյան գործընկերության նախաձեռնողներից է, որի համատեքստում մեծ նշանակություն է տրվում նաեւ տարածքների միջեւ համագործակցությանը:

Ա. Գեւորգյանը հյուրերին մանրամասներ ներկայացրեց Հայաստանում տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման համակարգի վերաբերյալ: Նշվեց, որ թեեւ ՏԻՄ համակարգը բավականին կայացած է, սակայն կառավարության առաջնահերթություններից է տարածքային համաչափ զարգացման խնդիրը, եւ ներկայումս քայլեր են ձեռնարկվում մայրաքաղաքի եւ մարզերի միջեւ անհամաչափությունների մեղմման ուղղությամբ: Այդ նպատակով բոլոր մարզերի համար կազմվել եւ կազմվում են սոցիալ-տնտեսական զարգացման ծարագրեր, սակայն դրանց իրականացման, հետագա մոնիտորինգի հարցում զգացվում է փորձի պակաս, եւ այս պարագայում Լեհաստանի փորձը կարող է օգտակար լինել: Կարեւորվեց նաեւ Լեհաստանի եւ Հայաստանի ռեգիոնների միջեւ արդեն առկա գործակցության զարգացումը: Քննարկվեց նաեւ հետագա համագործակցության խորացման նպատակով տարածքային զարգացման ոլորտին վերաբերող երկկողմ փաստաթղթի մշակման եւ ստորագրման հնարավորությունը:

Լեհաստանի տարածքային զարգացման նախարարը նշեց, որ իր երկիրը եւս ապակենտրոնացման մեծ ճանապարհ է անցել, եւ իր կողմից համագործակցության եւ փորձի փոխանցման պատրաստակամություն հայտնեց: Նշվեց, որ ԵՄ ռեգիոնների կոմիտեի եւ Լեհաստանի կառավարության միջոցներով ներկայումս տարածքային զարգացման ծրագրեր են իրականացվում Վրաստանում, եւ նախարարը պատրաստակամություն հայտնեց ընդգրկել Հայաստանն ու առաջին հերթին սկսել կարիքների գնահատումից: Նա նաեւ առաջարկեց համագործակցությունն սկսել հենց նախարարություններից եւ այն տարածել ռեգիոնների վրա: