12 մարտի 2010 - 20:46 AMT
ՎիվաՍել-ՄՏՍ-ը դարձել է Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգաշրջանի գլխավոր հովանավորը

ՎիվաՍել-ՄՏՍ-ը դարձել է Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգաշրջանի գլխավոր հովանավորը: Այս մասին PanARMENIAN.Net -ին հաղորդել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի մամլո ծառայությունը:

Դեռ խորհրդային տարիներից վաստակավոր կոլեկտիվի կոչում ստացած ՀՀ պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը կարեւոր է համարում երաժշտարվեստում լուրջ ջանքերի գործադրումը` մեր երկրի մշակութային կենսագրությունը հարստացնելու համար: Յուրաքանչյուր համերգաշրջանում նվագախումբը կազմակերպում է մինչեւ 45 համերգ: Դրանց միջոցով մեր երաժշտասեր հանրությունը հնարավորություն է ստանում ունկնդրելու օտարերկրյա հանրահայտ կատարողներին, իսկ վերջիններս էլ` ամբողջացնելու հայկական մշակույթի մասին ունեցած իրենց ընկալումը:

Նվագախմբի հրավերով Երեւանում հանդես կգան Հարավային Կորեայից ժամանած մենակատար Հյո-Ջու Լին եւ դիրիժոր Յունգմին Փարքը: Կհնչեն Բեթհովենի «Պրոմեթեւսի արարումը» (նախերգանք), Շոպենի Դաշնամուրի եւ նվագախմբի համար N1 կոնցերտը եւ Չայկովսկու Հինգերորդ սիմֆոնիան:

«Այն, ինչ փոխանցվում է երաժշտության միջոցով` համամարդկային է, գեղեցիկ եւ մաքուր: Աշխարհընկալման այս միջոցն ամենաարդյունավետն է միջմշակութային հաղորդակցության ճանապարհին: Միշտ եղել եւ մնում ենք այն կարծիքին, որ խրախուսելի են այսօրինակ նախաձեռնությունները: Դրանք թույլ են տալիս գնահատել բարձրարժեքն ու ձգտել կատարելագործման»,- ասաց ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: