13 մարտի 2010 - 12:10 AMT
Ջավախահայ քաղաքական գործիչ Վահագն Չախալյանին նոր մեղադրանքներ են ներկայացվել

Ջավախահայ քաղաքական գործիչ Վահագն Չախալյանի դեմ նոր մեղադրանքներ են առաջադրվել՝ 2005թ. հուլիսին Ջավախքի Սամսար գյուղի հայ եկեղեցու վրացականացման ձախողված փորձի եւ նույն թվականի դեկտեմբերին հայ-վրացական սահմանի Ժդանովական-Բավրա անցակետի մոտ տեղի ունեցած ջավախահայության բողոքի ցույցի առնչությամբ: Այդ մասին ասվում է PanARMENIAN.Net-ի ստացած «Եկիր» միության մամլո հաղորդագրության մեջ: Հաղորդագրության մեջ մասնավորապես, ասվում է. «Դրա մասին Վահագն Չախալյանին եւ նրա փաստաբաններին մարտի 11-ին տեղեկացրեցին ջավախահայ քաղաքական գործչին հարցաքննելու նպատակով Ռուսթավիի խիստ ռեժիմի գաղութ ժամանած Ախալքալաքի եւ Նինոծմինդայի շրջանների ոստիկանության քննիչներ Սպարտակ Խեչոյանը եւ Գեւորգ Քսպեյանը: Որպես հիմք քրեական գործի հարուցման համար քննիչները մատնանշեցին Վահագն Չախալյանի վերջերս լույս տեսած «Բանտային-քաղաքական գրառումներ» գրքույկը: Այդ գրքույկում Ախալքալաքի ոստիկանությանն, իբր, հաջողվել է ,հայտնաբերել այնպիսի ապացույցներ, որոնք թույլ են տալիս 2005թ. հարուցված քրեական գործերով հինգ տարի անց՝ 2010թ., նոր մեղադրանքներ առաջադրել արդեն իսկ 10 տարվա ազատազրկման դատապարտված ջավախքահայ քաղաքական գործչի նկատմամբ»:

«Երկիր» միությունը խստիվ դատապարտում է վրաց իշխանությունների կողմից իրենց մանկլավիկ՝ Ախալքալաքի ոստիկանապետ Սամվել Պետրոսյանի միջոցով Վահագն Չախալյանի նկատմամբ քաղաքական հալածանքի այս նոր դրսեւորումը: Սրանով վրացական իշխանությունները հերթական անգամ մերկացնում են այն դրդապատճառները, որոնք ընկած են Վահագն Չախալյանի դեմ ընթացող խայտառակ դատավարության հիմքում: Ակնհայտ է, որ ջավախահայ քաղաքական գործչի դեմ ուղղված այս նոր գործողությունը Վրաստանում մայիսի 30-ին սպասվող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների նախօրյակին ջավախահայության ահաբեկման շղթայի օղակներից մեկն է:

«Երկիր» միությունը, ավելի քան երբեք մտահոգ լինելով ընտրություններին նախորդող այս ժամանակահատվածում Ջավախքում ընթացող գործընթացներով, հայտարարում է, որ հետեւողականորեն շարունակելու է իր պայքարը ջավախահայ քաղաքական գործիչ, քաղբանտարկյալ Վահագն Չախալյանի ազատությանը եւ ջավախահայության իրավունքների իրացմանը հասնելու համար: