13 մարտի 2010 - 13:32 AMT
Ժողովրդավարության ամրապնդման համար Հարավային Կովկասի երկրները ԵՄ-ի աջակցության կարիքն ունեն

Հարավային Կովկասի երկրները չեն կարող բարեփոխումներ կատարել առանց ԵՄ աջակցության: Այդ մասին Երեւանում ընթացող ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի Rose Roth սեմինարում հայտարարել է բրիտանական ոչ կառավարական LINKS կազմակերպության գործադիր տնօրեն Դեննիս Սամմուտը: Անդրադառնալով քաղաքական գործընթացներին եւ քաղաքացիական հասարակության վիճակին Ադրբեջանում` փորձագետն ընդգծեց, որ ընդդիմությունն Ադրբեջանում շարունակում է թույլ ու պառակտված մնալ, ինչը զգալիորեն անդրադառնում է այդ երկրի քաղաքական մթնոլորտի վրա:

«Ինչպես Հայաստանն ու Վրաստանը, այնպես էլ Ադրբեջանը պետք է ժողովրդավարության ամրապնդման ու զարգացման տեւական ճանապարհ անցնեն իրենց երկրներում: Եվ Եվրամիությունն ակտիվ դերակատարություն կունենա Հարավային Կովկասի այդ երկրներում ժողովրդավարության զարգացման մեջ: Այդ երկրները ԵՄ աջակցության կարիքն ունեն»,-ասել է LINKS-ի գործադիր տնօրենը:

Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը` Սամմուտն ընդգծել է, որ շփումները Հայաստանի ու Ադրբեջանի քաղաքացիական հասարակությունների ներկայացուցիչների միջեւ կարեւոր դերակատարություն ունեն այդ խնդրի հանգուցալուծման համար:

Լեռնային Ղարաբաղի հակամարտության ռազմական փուլը ծագեց 1991թ., երբ ի պատասխան ԼՂ բնակչության ինքնորոշման պահանջի, ադրբեջանական իշխանությունները փորձեցին հարցը լուծել` խորհրդային անվտանգության ուժերի (ԿԳԲ-ի հատուկ ջոկատներ) կողմից անձնագրային ռեժիմի իրականացման քողի տակ էթնիկ զտումներ իրականացնելով եւ լայնածավալ ռազմական գործողություններ սկսելու ճանապարհով, որը բերեց հազարավոր զոհերի եւ զգալի նյութական կորուստների:

1994թ. կնքվեց զինադադար: Ներկայումս հիմնախնդրի կարգավորման շուրջ բանակցությունները ընթանում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների (Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա) միջնորդությամբ` 2007 թ. նոյմբերին վերջիններիս կողմից ներկայացված մադրիդյան առաջարկությունների հիման վրա:

Ադրբեջանը մինչ այսօր չի կատարում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1993 թ. 4 բանաձեւերը` շարունակելով տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքի հրահրումը եւ կոպտորեն խախտելով միջազգային իրավունքի ուժի եւ ուժի սպառնալիքի չկիրառման սկզբունքը: