13 մարտի 2010 - 15:07 AMT
Ահմեդ Դավուդօղլու. Թուրքիան ոչ ոքի թույլ չի տա գնահատել իր պատմությունը

Թուրքիան ոչ ոքի թույլ չի տա գնահատել իր պատմությունը: Ոմանք կարող են 1915թ. իրադարձությունները համարել Հայկական հարցի մի մասը, սակայն թուրքական կողմի համար 1915 թվականը մի ժամանակաշրջան է եղել, երբ թուրքերը պաշտպանել են իրենց հայրենիքը: Այդ մասին Ֆինլանդիայում հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Ահմեդ Դավուդօղլուն` մեկնաբանելով Շվեդիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման փաստը: Ոչ պաշտոնական հանդիպման շրջանակներում Դավուդօղլուն կհանդիպի Շվեդիայի ԱԳՆ ղեկավար Կառլ Բիլդտի հետ:

«Մենք ափսոսում ենք, որ Շվեդիայի խորհրդարանը նման բանաձեւ է ընդունել: Մենք գտնում ենք, որ խորհրդարանները չպետք է զբաղվեն պատմության գնահատմամբ, քանի որ խորհրդարանականների մեծ մասը համարժեք տեղեկատվություն չունի այդ իրադարձությունների մասին: Պատմության քաղաքականացումը լուրջ խնդիրներ կհարուցի մեր հասարակություններում, եւ այս առումով Շվեդիայի խորհրդարանի որոշումը մեծ սխալ է եւ անընդունելի է մեր համար»,-ասել է Դավուդօղլուն, հանդիպմանը հաջորդած մամլո ասուլիսում:

Թուրքիայի ԱԳ նախարարը նշել է, որ Թուրքիան ու Շվեդիան լավ հարաբերությւոններ էին հաստատել եւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի Սթոկհոլմ կատարելիք այցը կամրապնդեր երկկողմ հարաբերությունները: «Վերջին իրադարձությունների պատճառով մենք ստիպված եղանք չեղյալ հայտարարել վարչապետի այցը եւ ետ կանչել Շվեդիայում մեր դեսպանին: Մենք նման որոշում չէինք ակնկալում մեզ բարեկամ երկրի խորհրդարանի կողմից»,-ասել է Դավուդօղլուն: Նա ասել է, որ իր շվեդ պաշտոնակցի հետ հանդիպման ժամանակ նրանք կարծքիներ են փոխանակել Շվեդիայի օրենսդիր մարմնի որոշման վերաբերյալ:

Իր հերթին Կ.Բիլդտը սխալ է համարել պատմական իրադարձությունների քաղաքականացումը եւ հավաստիացրել է, որ անկախ խորհրդարանի որոշումից, Շվեդիան կշարունակի սատարել Թուրքիայի անդամակցությանը ԵՄ-ին, հաղորդում է Anatolian Nesw Agency-ն:

Մարտի 11-ին Շվեդիայի խորհրդարանը 131 «կողմ» եւ 130 «դեմ» ձայների հարաբերակցությամբ ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: