13 մարտի 2010 - 17:50 AMT
Հայոց ցեղասպանության մասին 252 բանաձեւի ընդունումը վերջին մեխն էր, որ խփվեց արձանագրությունների դագաղին

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից Հայոց ցեղասպանության մասին 252 բանաձեւի ընդունումը, այնուհետեւ Շվեդիայի խորհրդարանի ընդունած բանաձեւը նույն` Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ, մեծ հարված հասցրին Անկարայի պաշտոնական դիրքորոշմանը, որը ժխտում է Հայոց ցեղասպանությունը: Այս ամբողջ գործընթացում ամենամեծ զոհը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման արձանագրությունները դարձան: Թուրքական Hurriyet Daily News թերթում գրում է Ստամբուլի Բախչեշեհիր համալսարանի պրոֆեսոր Ջենգիզ Աքթարը: Նրա կարծիքով, Ներկայացուցիչների պալատի որոշումը այն վերջին մեխն էր, որ խփվեց արձանագրությունների դագաղին:

Հեղինակը գրում է, որ Թուրքիան Վաշինգտոնի համար անհուսալի գործընկեր է, որն ամեն անգամ Կոնգրեսում բանաձեւի քվեարկության ժամանակ հարկադրված է սպառնալիքի չափաբաժինն ավելացնել:

«Թուրքիան, որ ձգտում է աշխարհի տարբեր ծայրերում ծագած հակամարտությունների լուծման հարցում որպես միջնորդ հանդես գալ, անհաջողության մատնվեց սեփական ներքին հիմնախնդիրները լուծելու փորձ անելիս: Այդ հիմնախնդիրներն են` հայկական, քրդական եւ Կիպրոսի հակամարտությունները: Թուրքիայի պաշտոնական դիրքորոշումը 90 եւ ավելի տարիներ առաջ տեղի ունեցած մեծ ողբերգության հարցում հիմնված է այն ժխտելու քաղաքականության վրա, սակայն դա արդեն դժվար թե միջազգային լասարանի աջակցությունն ունենա: Մենք որքան մոտենում ենք 1915 թ. իրադարձությունների 100-ամյակին, այնքան ավելի անհանգիստ ու ջղագրգիռ են դառնում Թուրքիայի ղեկավար մարմինները: Սակայն արձանագրությունների տապալման հետ միաժամանակ ավանդական դարձած եւ դաժան ժխտումը ավելի ու ավելի է ջրի երես դուրս գալիս», - գրում է Աքթարը: