15 մարտի 2010 - 12:39 AMT
Լեւոն Արոնյանը «Ամբերի» մրցաշարում իր ելույթները պարտությամբ է սկսել

Մարտի 13-ին հայ գրոսմայստեր Լեւոն Արոնյանը Նիցցա քաղաքում (Ֆրանսիա) «Ամբեր» մրցաշարում սկսել է արագ շախմատի եւ կույր շախմատի ելույթները:

Կույր շախմատի առաջին փուլում Արոնյանը խաղացել է Սերգեյ Կարյակինի հետ (Ռուսաստան) եւ պարտվել , իսկ արագ շախմատի խաղում հաղթել է ռուս գորսմայստերին:

Կույր շախմատի 2-րդ փուլում Արոնյանը կրկին պարտվեց, նրա մրցակիցն էր Մագնուս Կարլսենը (Նովեգիա), որը հաղթեց Արոնյանին նաեւ արագ շախմատի պարտիայում:

3-րդ փուլում Արոնյանի մրցակիցն է լինելու Յան Սմիթսը (Հոլանդիա):

Այսպիսով, արագ շախմատի եւ կույր շախմատի երկու փուլերից հետո Արոնյանը 1 միավորով զբաղեցնում է 11-րդ տեղը: Մրցաշարի առաջնորդներն են ուկրաինացի գրոսմայստեր Վասիլի Իվանչուկը եւ Ռուսլան Պոնոմարյովը, որոնք ունեն 3-ական միավոր:

Մրցաշարին մասնակցում են նաեւ Վլադիմիր Կրամնիկը (Ռուսաստան), Բորիս Գելֆանդը (Իսրայել), Վուգար Գաշիմովը (Ադրբեջան), Պյոտր Սվիդլերը (Ռուսաստան), Ալեքսանդր Մորոզեւիչը (Ռուսաստան) եւ Լենյեր Դոմինգեսը (Կուբա):

Արագ շախմատ (ռապիդ) . շախմատային պարտիա մտածելու ժամանակի արագացված սահմանափակմամբ (որպես կանոն 15 րոպե յուրաքանչյուրին ամբողջ պարտիայի համար):

Կույր շախմատ շախմատի տարբերակ, որում խաղացողը չի նայում խաղատախտակին: Եթե երկու խաղացողն էլ խաղում են առանց տախտակին նայելու, ապա խաղին մասնակցում է միջնորդ, որը ֆիգուրները տեղափոխում է կամ գրանցում է քայլերը: