15 մարտի 2010 - 14:00 AMT
ԱՄՆ եւ Ռուսաստանն Անկարայի նկատմամբ կիրառում են «մեղրի եւ մտրակի» մեթոդը

Մինչեւ ապրիլի վերջ հայ-թուրքական հարաբերությունների վավերացման հավանականություն կա, բայց այն շատ փոքր է: Այդ մասին Երեւանում մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը: Ինչպես նշել է քաղաքագետը, Թուրքիայի վրա ճնշում է գործադրվում դրսից, որպեսզի ստիպեն նրան վավերացնել Արձանագրությունները: Միեւնույն ժամանակ, փորձագետն ընդգծել է, որ Անկարային ճնշելու գործիքները բավարար չեն: Ալեքսանդր Իսկանդարյանը չի բացառել, որ եթե մինչեւ ապրիլի վերջ Թուրքիան քայլեր չձեռնարկի Արձանագրությւոնների վավերացման ուղղությամբ, ապա հայկական կողմը կարող է հետ վերցնել իր ստորագրությունը:

Խոսելով ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովի կողմից Հայոց ցեղասպանության մասին 252 բանաձեւի ընդունման մասին` քաղաքագետն ասել է, որ Թուրքիայում ԱՄՆ կողմից այս քայլն ընդունվում է որպես ճնշում թուրքական կողմի վրա: Սակայն Ալեքսանդր Իսկանդարյանի կարծիքով ամբողջ հարցը նրանում է, որ կբավականացնի արդյոք այդ ճնշումը, որպեսզի ստիպել Թուրքիային վավերացնել Արձանագրությունները: «Թուրքիայի ներսում Արձանագրությունների նկատմամբ դիմադրությունն ավելի մեծ է, քան դրսից»,- կարծում է Ալեքսանդր Իսկանդարյանը:

Անդրադառնալով գերտերությունների դիրքորոշմանը հայ-թուրքական մերձեցման հարցում` նա ընդգծեց, որ դեռ չի հիշում իրավիճակ, երբ ԱՄՆ-ը, Եվրամիությունը եւ Ռուսաստանը գործեն այդքան միահամուռ, ինչպես նրանք դա անում են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում: Քաղաքագետը հայտարարեց, որ Անկարայի նկատմամբ ԱՄՆ-ը եւ Ռուսաստանը կիրառում են «մեղրի եւ մտրակի» մեթոդ:

Ինչ վերաբերվում է ղարաբաղյան կարգավորմանը, Ալեքսանդր Իսկանդարյանը հայտարարեց, որ այս հարցի շուրջ իրարանցումը դուրս է գալիս ղարաբաղյան գործընթացի շրջանակներից: «Քաղաքական հեռանկարում ղարաբաղյան հիմնահարցի իրավաբանական կարգավորման ոչ մի հնարավորություն չեմ տեսնում: Չկան հույսեր, որ հակամարտությունը արագ լուծում կստանա»,- ասել է քաղաքագետը: