15 մարտի 2010 - 17:40 AMT
Սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտն արմատական փոփոխությունների կարիք ունի

2001-2009թթ. ընթացքում Հայաստանի բնակչության դրամական ծախսերը կազմել են $36 մլրդ, նույն ժամանակաընթացքում $18 մլրդ-ի չափով ապրանք է ներկրվել: Այդ մասին լրագրողներին հաղորդեց Հայրենակցական արտադրողների միության նախագահ, ֆինանսատնտեսական ու բյուջետային հարցերով Հանրային խորհրդի հանձնաժողովի նախագահ Վազգեն Սաֆարյանը` ելույթ ունենալով Սպառողների իրավունքների պաշտպանության համաշխարհային օրվան նվիրված մամլո ասուլիսում: Ընդ որում, նա համոզմունք հայտնեց, որ այդ ապրանքներից շատերը կարելի էր արտադրել Հայաստանում եւ այդքան մաքս չվճարել: «2009 թվականին Հայաստանից $697,8 մլն-ի չափով ապրանք է արտահանվել, իսկ ներկրվել է $3,3 մլն-ի չափով. բացասական բալանսը 4,7 անգամից ավելի է: Մենք` որպես սպառողներ, կարող էինք պահանջել, որպեսզի մեր ծախսերը նպաստեին երկրի տնտեսության զարգացմանը»,- ընդգծեց նա:

Նրա խոսքով, 2009 թվականին երկրի բնակչությունը $3,3 մլն-ի չափով նպաստել է այլ երկրների տնտեսության զարգացմանն ու նրանց սոցիալական խնդիրների լուծմանը: Հանրային խորհրդի հանձնաժողովի նախագահի կարծիքով, կառավարությունը պետք է փոխի իր տնտեսական քաղաքականությունը եւ որոշ չափով մասնակցի արտաքին առեւտրին: «Այդ մասնակցությունից կձեւավորվի առեւտրի կապիտալը, որն էժան վարկի տեսքով կարելի էր տրամադրել արդյունաբերությանը»,- ավելացրեց Սաֆարյանը:

Ինչ վերաբերում է սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտոին, Հայրենակցական արտադրողների միության նախագահի կարծիքով, այն արմատական փոփոխությունների կարիք ունի: Այդ կապակցությամբ Սաֆարյանը նշեց, որ սպառողները հաճախ են բախվում անորակ տեղական եւ ներկրված ապրանքի, ժամկետանց մթերքի հետ, եւ այդ իմաստով անհրաժեշտ է, որպեսզի մասնագիտացված պետական ընկերությունը հետազոտի եւ հսկի այդ ոլորտը: Նա գտնում է, որ դա հասարակական կազմակերպություններին վստահելն արդյունավետ չէ, քանի որ սպառողների կողմից մեծ դժգոհություններ կան: «Կան բազմաթիվ կազմակերպություններ, որոնք այսպես, թե այնպես պաշտպանում են սպառողների իրավունքները, բայց ոչ մի արդյունավետ գործառույթներ այդ ոլորտում չի կարելի արձանագրել»,- ասաց նախագահը: