16 մարտի 2010 - 14:02 AMT
Գերասիմ Ալավերդյան. Հայաստանում դեռ արտահանման համար ոչխարներ կան

Հայաստանում տվյալ պահին հաշվվում է 540 հազ. գլուխ էգ եւ արու ոչխար, որոնցից 430 հազ. գլուխը` մայրական կազմում, այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսում լրագրողներին հաղորդեց Հայաստանի գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանը: Նրա խոսքով, մինչեւ ծնելիության սեզոնի ավարտը (ընթացիկ տարվա մայիս) սպասվում է առնվազն 430 հազ. գառների ծնունդ, իսկ ոչխարների ծնելիության հնարավոր ցուցանիշը 1,2 է, այսինքն հանրապետությունում կարող է մոտ 500 հազ. գառ ծնվել: «Նրանցից մոտ 250 հազ. արու ոչխարներ կլինեն, որոնք իրացման են ենթակա»,- ավելացրեց նա:

Ալավերդյանը հաղորդեց նաեւ, որ երկրից ոչխար արտահանելու արգելքի մասին հրաման կա, եւ դրան հետեւում են մաքսատանն ու պարենային անվտանգության ծառայությունում: «Քանի որ մենք արտահանման լուրջ շուկա ունենք, մենք ծրագիր ենք մշակում, որով այժմ արդեն երկիր են ներկրվում ազնիվ ոչխարներ Վրաստանից եւ Կրասնոդարից, ինչպես նաեւ պատրաստվում ենք ներկրել Ավստրիայից, Գերմանիայից»,- ասաց նախարարը:

Իսկ ինչ վերաբերում է տավարի մսի գների բարձրացմանը, ապա, նրա խոսքով, մինչ օրս խոշոր եղջերավոր անասունի ոչ մի գլուխ չի արտահանվել երկրից, եւ գների աճը կապված է ոչ թե արտահանման ծավալների աճի, այլ սեզոնային գործոնի հետ: