ՀՀ գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանը չի վախենում իր պաշտոնից ազատվելուց: Այդ մասին նա լրագրողներին հայտնեց մարտի 16-ին Երեւանում կայացած մամլո ասուլիսում: «Ես ամուր, շատ ամուր կանգնած եմ իմ ոտքերի վրա: Ես համապատասխան ծրագրեր ունեմ եւ ես աշխատում եմ: Իմ կուսակցությունը գոհ է իմ աշխատանքից»,- ասաց նախարարը:
Գերասիմ Ալավերդյանը հաղորդեց նաեւ, որ 2009 թվականին գյուղատնտեսությունը միակ ոլորտն էր, որտեղ անկումն ընդամենը 0,1% կազմեց այն դեպքում, երբ մնացած ոլորտներում այն կազմեց մոտ 15%:
Անդրադառնալով պարտականությունները ոչ պատշաճ կերպով կատարելու համար վարչապետ Տիգրան Սարգսյանի հայտարարած խիստ նկատողությանը` Ալավերդյանն ասաց, որ ինքը դա ընկալում է որպես աշխատանքային գործընթաց: «Ես լավ հարաբերություններ ունեմ վարչապետի հետ, եւ ինքս եմ բարձրացրել նախարարությունում կատարված պետգնումների ոչ արդյունավետության խնդիրը»,- ճշտեց նա:
Ալավերդյանը վստահեցրեց նաեւ, որ տենդերների արդյունքում պետությանը ոչ մի վնաս չի հասցվել, իսկ գնման գները շուկայական են եղել, թեեւ վարչապետը գտնում է, որ մրցույթի պայմանները կազմվել են այնպես, որ ի սկզբանե միայն մեկ ընկերություն կարող էր շահել այն, իսկ գներն առնվազն 50%-ով բարձրացված էին, ինչը վնաս հասցրեց պետբյուջեին: Նախարարության ղեկավարը նշեց նաեւ այն ընկերությունը, որի տակ գրվել են տենդերի պայմանները, «Բիե-Ունիվերսալ» ՍՊԸ-ն է:
2010թ. մարտի 4-ին կայացած ՀՀ կառավարության նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանը ներկաներին տեղեկացրեց ՀՀ Գյուղատնտեսության նախարարությունում Վերահսկիչ պալատի իրականացրած ուսումնասիրությունների արդյունքների մասին: Պարզվեց, որ երկու պաշտոնակատարներ թերակատարել են իրենց պարտականությունները, ուստի բարձրացվել է նրանց զբաղեցրած պաշտոններից ազատելու հարցը: Ծառայողական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու համար վարչապետը խիստ նկատողություն հայտարարեց գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանին: