16 մարտի 2010 - 17:07 AMT
Արման Մելիքյան. Քաղաքական տեսակետից Հայաստանին կտրուկ փոփոխություններ են հարկավոր

Վերջերս ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը բավական ակտիվացել է, ինչի պատճառը արտաքին գործոնների ակտիվացումն է: Այդ մասին այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտնեց ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը: Նրա խոսքով, 2008 թվականից սկսած Հայաստանի իշխանություններն այլեւս ղարաբաղյան հակամարտության հարցում նոր քաղաքականությամբ չեն առաջնորդվում, եւ բանակցային գործընթացը շարժվեց նույն այն ընթացքով, ինչ նախկին երկու նախագահների օրոք:

«ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկները հակասում են մեր պետական շահերին»,- ասաց Մելիքյանը: Ընդ որում, նա բավական հետաքրքիր համարեց վերջին երկու-երեք շաբաթների ընթացքում քաղաքական գործիչների կատարած հայտարարությունները Ադրբեջանի կողմից օկուպացված Շահումյանի, Մարտունու եւ Մարտակերտի հայկական տարածքների վերաբերյալ` նշելով, որ տվյալ տարածքների մասին խոսելն արդեն ուշ է եւ ոչ արդյունավետ: «Քանի դեռ Հայաստանը միջազգային հանրության կողմից ընկալվում է որպես «ագրեսոր-երկիր», այդ տարածքներն ադրբեջանական են համարվելու»,- ընդգծեց Մելիքյանը:

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի գծով ԵԱՀԿ Խորհրդարանական Վեհաժողովի հատուկ ներկայացուցիչ Գորան Լենմարկերի հայտարարությանն այն մասին, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում Ղարաբաղի մասնակցությունը պարտադիր չէ, քանի որ Հայաստանի նախագահը ծնունդով Ղարաբաղից է եւ լավագույնս կարող է ներկայացնել Ղարաբաղի շահերը բանակցություններում, Մելիքյանն ասաց, որ դա, հնարավոր է, ձեռնտու չէ ինքնին Լենմարկերին: «Իրականում ղարաբաղյան գործընթացում թե ներքին, թե արտաքին հարցերն այնքան են կուտակվել, որ քաղաքական տեսակետից Հայաստանին կտրուկ փոփոխություններ են հարկավոր»,- ասաց Արման Մելիքյանը:

Ընդ որում, նա նկատեց, որ Հայաստանը ներկա պահին անօգնական դրության մեջ է: Նրա խոսքով, այդ մասին խոսում են եվրոպական պաշտոնատարների հաճախակի այցերը Հայաստան, ինչը վկայում է երկրի վրա առկա ճնշման մասին: