16 մարտի 2010 - 17:10 AMT
Ճգնաժամի պայմաններում Արցախի ներդրումային հիմնադրամին հաջողվել է իրականացնել բոլոր նախանշված ծրագրերը

Մարտի 16-ին տեղի է ունեցել արտերկրում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշտական ներկայացուցիչների հանդիպումը Արցախի ներդրումային հիմնադրամի տնօրեն Կարեն Եսայանի հետ, հաղորդում է ԼՂՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:

Կարեն Եսայանը ներկայացրել է հիմնադրամի գործունեության հիմնական ուղղությունները: Միաժամանակ նա նշել է, որ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում, հիմնադրամին հաջողվել է ոչ միայն իրականացնել բոլոր նախանշված ծրագրերը, այլեւ սկսել նոր ծրագրերի իրականացումը: Կանգ առնելով առկա խնդիրների վրա, որոնք պայմանավորված են, մասնավորապես, միջազգային մակարդակով հանրապետության չճանաչվածությամբ, Կարեն Եսայանը կոչ է արել դիվանագետներին աջակցություն ցուցաբերել Արցախի տնտեսության տարբեր բնագավառներում օտարերկրյա ներդրումների ներգրավման գործընթացում:

ԼՂՀ մշտական ներկայացուցիչները պատրաստակամություն են հայտնել նստավայր երկրներում ուսումնասիրել Արցախում ներդրումներ իրականացնելու իրական հնարավորությունները, հանդես եկել կոնկրետ առաջարկություններով:

Հաղորդագրության համաձայն, հանդիպմանը ներկա են եղել ԼՂՀ արտաքին քաղաքական գերատեսչության մի շարք պատասխանատու աշխատակիցներ: