16 մարտի 2010 - 19:59 AMT
Հայոց ցեղասպանության հարցը դարձյալ քաղաքական պինգ-պոնգի է վերածվել Բրիտանիայի խորհրդարանում

Մեծ Բրիտանիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանության ճանաչման մասին օրինագծի քննարկման ավելի վատ ժամանակ չէր էլ գտնվի: PanARMENIAN.Net-ի թղթակցին Կարդիֆի(Ուելս) հայկական համայնքի ղեկավար Ջոն Թորոսյանը հաղորդել է, որ շուտով Մեծ Բրիտանիայում անցկացվելու է խորհրդարանական ընտրություններ, եւ Հայոց ցեղասպանության մասին օրինագծի քննարկման համար ժամանակ այլեւս չի լինի:

«Բացի այդ, եթե նույնիսկ մեկ պատգամավոր դեմ քվեարկի այս օրինագծին, ապա բանաձեւը քննարկման չի դրվի: Հենց դա էլ գործող համակարգի ամենաթույլ կողմերից մեկն է», - ասել է Ջոն Թորոսյանը:

Նա հայտնել է, որ համայնքների պալատում քվեարկություն չի լինի, քանի դեռ Լիբերալ կուսակցության ներկայացուցիչները` որպես իշխող կոալիցիայի անդամներ, քվեարկության չդնեն այդ հարցը: «Ցավոք, պետք է նկատի ունենաք, որ Լիբերալ կուսակցության դիրքորոշումը Հայոց ցեղասպանության հարցում նույնն է, ինչ որ Բարաք Օբամայինը», - հայտարարել է Ջոն Թորոսյանը:

Ավելի վաղ UPI-ը հայտնել էր, որ Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատ է մտել Օսմանյան կայսրությունում Հայերի ցեղասպանության հիշատակման օրը ճանաչելու մասին օրինագիծ, եւ այն պետք է քննարկվի այս ամիս:

Մարտի 4-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը ձայների 23 կողմ եւ 22 դեմ հարաբերությամբ ընդունել է Հայոց ցեղասպանության մասին 252 բանաձեւը: Մարտի 11-ին նույնանման որոշում է ընդունել նաեւ Շվեդիայի խորհրդարանը: