18 մարտի 2010 - 13:34 AMT
ՀԱՊԿ ուժերը կարող են օգտագործվել ՄԱԿ-ի համար
«Կազմակերպությունը ՄԱԿ-ի խնդրանքով կարող է իր խաղաղապահական ուժերը Հավաքական անվտանգության Պայմանագրի ազդեցության գոտու սահմաններից դուրս տեղափոխել»,- հայտնել է Հավաքական անվտանգության պայմանագրի Կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:

«Ես չէի ցանկանա մոդելավորել հնարավոր իրադրությունները: Բայց սկզբունքորեն խոսքը կարող է գնալ ՄԱԿ-ի խնդրանքով Հավաքական խաղաղապահական ուժերը Հավաքական անվտանգության Պայմանագրի ազդեցության գոտու սահմաններից դուրս տեղափոխելու մասին, օրինակ` Աֆրիկա: Բնականաբար, ՀԱՊԿ Հավաքական անվտանգության Խորհրդի` յոթ անդամ երկրների նախագահների համաձայնությամբ»,- հայտնել է Բորդյուժան: Նա նշեց, որ ՄԱԿ գլխավոր քարտուղար Պան Գի Մունի` Մոսկվա կատարելիք այցի ժամանակ ծրագրվում է ՄԱԿ եւ ՀԱՊԿ քարտուղարությունների միջեւ համագործակցության մասին համատեղ հռչակագիր ստորագրել` ավելացնելով, որ ՀԱՊԿ հետ կապերի հաստատման մասին ՄԱԿ Գլխավոր վեհաժողովի բանաձեւը հարաբերությունների լեգիտիմիզացման առաջին քայլն է:

«Հաջորդ քայլը ՄԱԿ եւ ՀԱՊԿ քարտուղարությունների միջեւ համագործակցության մասին համապատասխան համատեղ հռչակագրի ստորագրումն է: Դրա տեքստին հավանություն են տվել ՀԱՊԿ բոլոր արտգործնախարարները: Ինձ վստահված է ՄԱԿ քարտուղարության հետ համաձայնեցնել վերջնական տեքստը` կատարելով ոչ զգալի, կտրուկ փոփոխություններ չպահանջող շտկումներ եւ ստորագրել փաստաթուղթը: Նման փաստաթուղթ ունի ՆԱՏՕ-ն: Եվրոատլանտյան ալյանսը ժամանակին ավելի քան երկու տարի շարունակ ձգտում էր դրան»,- ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը: Նրա խոսքով, փաստաթղթում, որը ծրագրվում է ստորագրել Պան Գի Մունի` Մոսկվա կատարելիք այցի ժամանակ, խոսքը գնում է քաղաքական համագործակցության, համատեղ հակաճգնաժամային արձագանքի, ահաբեկչության, թմրանյութերի ապօրինի շրջանառության, կազմակերպված հանցավորության դեմ պայքարի մասին, հաղորդում է «Վրեմյա Նովոստեյ»-ը:

ՀԱՊԿ-ի մեջ մտնում են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը, Թաջիկստանը, Ուզբեկստանը: