18 մարտի 2010 - 13:48 AMT
ՀՀ ԱԳՆ ղեկավար. Էրդողանի կողմից արված նմանապիտ հայտարարություններն են նախորդել Հայոց ցեղասպանությանը
Թուրքիայի վարչապետն անթույլատրելի հայտարարություն է արել: Այդ մասին Երեւանում Սլովակիայի ԱԳՆ ղեկավարի հետ համատեղ մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը: «Ցավոք սրտի նման հայտարարություններ Թուրքիայում արվում են ոչ առաջին անգամ: Հենց այդ հայտարարություններն են նախորդել 1915-ին Հայոց ցեղասպանությանը, նման հայտարարություններ են արվել Ադրբեջանում Սումգայիթում եւ այլ ադրբեջանական քաղաքներում հայերի կոտորածներից առաջ»,- ասել է ՀՀ ԱԳՆ ղեկավարը` պատասխանելով PanARMENIAN.Net-ի թղթակցի հարցին:

Էդվարդ Նալբանդյանը հայտարարեց, որ թուրքական կողմի նման հայտարարությունները վնասում են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը: «Մենք հուսով ենք, որ թուրքական կողմը պատրաստ է շարունակել գործընթացը Հայաստանի հետ եւ որ Թուրքիայում կգերիշխի իրատեսական մոտեցումը, եւ Անկարան կլսի միջազգային հանրությանը եւ կդադարի խոսել սպառնալիքների եւ շանտաժի լեզվով, քանի որ դա քաղաքակիրթ ուղի չէ»,- ասել է Նալբանդյանը:

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարեց, որ հնարավոր է 100 հազար անօրինական հայ գաղթականների վտարումը երկրից: «Իմ երկրում բնակվում են 170 հազար հայեր, որոնցից 70 հազարը Թուրքիայի քաղաքացիներ են»,- ասել է նա: «Վաղը, թե պահանջվի, ես կասեմ այդ հարյուր հազարին, որպեսզի նրանք լքեն մեր երկիրը: Ես կանեմ դա, որովհետեւ նրանք իմ քաղաքացիները չեն, եւ ես պարտավոր չեմ պահել նրանց իմ երկրում»,- ասելէ Էրդողանը:

Հայտարարության համար առիթ էր հանդիսացել մի շարք երկրների խորհրդարանների կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու վերաբերյալ Անկարայի արձագանքի հարցը: