18 մարտի 2010 - 15:47 AMT
ՀՀ ԱԳՆ ղեկավար. Ժամանակը ցույց կտա, թե պատրաստ է արդյոք Անկարան վավերացնել Արձանագրությունները
Հայաստանը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի նախաձեռնողն էր, եւ չնայած բոլոր արգելքներին, ստորագրել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրությունները: Այդ մասին Սլովակիայի ԱԳ նախարարի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Հայաստանի ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանը: «Երեւանը պատրաստ է շարժվել առաջ այդ գործընթացում: Պատրաստ է արդյոք Թուրքիան, ցույց կտա ժամանակը»,- ասել է Նալբանդյանը:

Իր հերթին Սլովակիայի ԱԳ նախարար Միրոսլավ Լայչուկը հայտարարեց, որ ԵՄ-ը հետեւում է հայ-թուրքական գործընթացին եւ ցանկանում է տեսնել Արձանագրությունների վավերացումը: «Մենք ցանկանում ենք, որպեսզի Արձանագրությունները վավերացվեն առանց նախապայմանների եւ այդ գործընթացում այլ հարցեր ներառելու»,- ասել է Լայչուկը:

Խոսելով Թուրքիայի ԵՄ մտնելու հնարավորության մասին, նա ասաց, որ ԵՄ մտնելու ճանապարհին Անկարան առաջին հերթին պետք է կատարի առաջադրված պահանջները:

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրությունները ստորագրվել են 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում: Արձանագրությունները ստորագրել են Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը եւ Ահմեդ Դավութօղլուն` Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, ՌԴ-ի եւ Շվեյցարիայի ԱԳՆ ղեկավարների ներկայությամբ: Շվեյցարիան որպես միջնորդ է հանդես գալիս հայ-թուրքական բանակցություններում 2007թ. ի վեր: Ըստ փաստաթղթերի, երկրների միջեւ պետք է հաստատվեն դիվանագիտական հարաբերություններ եւ պետք է բացվի 1993թ. ի վեր փակ հայ-թուրքական սահմանը: Հունվարի 12-ին Հայաստանի Սահմանադրական դատարանն Արձանագրությունները Հայաստանի Սահմանադրությանը համապատասխան ճանաչեց: ՍԴ որոշման մեջ Արձանագրությունների վերաբերյալ ոչ մի նախապայմաններ չկան, քանի որ դա հակասում է վճռի կայացման սահմանված կանոնին: ՍԴ վճիռը հայտնում է. հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ Արձանագրությունները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանն ու Հայաստանի Անկախության մասին հռչակագրին: