18 մարտի 2010 - 17:06 AMT
Ալեքսանդր Մարկարով. «Հայ-թուրքական գործընթացն անարդյունավետ է»
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը կավարտվի այն ժամանակ, երբ կողմերից մեկը արձանագրությունների իր ստորագրությունը չեղյալ կհայտարարի, կամ երկրներից մեկի խորհրդարանում արձանագրությունների վավերացման քվեարկությունը կձախողվի: Այս մասին Երեւանում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ԱՊՀ երկրների ինստիտուտի Հայաստանի մասնաճյուղի տնօրեն Ալեքսանդր Մարկարովը, մեկնաբանելով փորձագետների այն կարծիքը, որ գործընթացը փակուղի է մտել:

Նրա խոսքերի համաձայն, այս պահին հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում սպասողական ժամանակաշրջան է: «Այս ժամանակաշրջանը կարելի է տարբեր կերպ մեկնաբանել: Որոշ փորձագետներ խոսում են այն մասին, որ այս ժամանակաշրջանը հույս է տալիս, թե Թուրքիայի խորհրդարանը, համենայնդեպս, կվավերացնի արձանագրությունները, իսկ ոմանք վկայում են, որ Անկարան պատրաստ չէ, եւ նա մտադրություն չունի այդ փաստաթղթերը վավերացնելու: Այս տերմիններն օգտագործելով, կարելի է ասել, որ գործընթացը ոչ թե ձախողվել է, այլ պարզապես արդյունավետ չէր, եւ այս հարցի լուծումը դեռեւս չի հասունացել», -ասել է Մարկարովը:

100.000 անլեգալ տարագիր հայերին Թուրքիայից վտարելու մասին Թուրքիայի վարչապետի հայտարարության առնչությամբ Մարկարովն ասել է, որ բազմաթիվ ուսումնասիրությունները վկայում են, որ հայտարարված թիվը չի համապատասխանում իրականությանը: Նա նշել է նաեւ, որ այդ հայտարարությունը կարելի է դիտարկել որպես Թուրքիայում ապրող հայերին ուղղված սպառնալիք:

Մեկնաբանելով բոլորին հուզող այն հարցը, թե արդյոք ԱՄՆ նախագահը ապրիլի 24-ին «ցեղասպանություն» բառը կօգտագործի, թե ոչ` Մարկարովը քիչ հավանական է համարել: «Նա ԱՄՆ հերթական նախագահն է, որը հայերին ուղղված իր ուղերձում չի արտասանելու «ցեղասպանություն» բառը», - ընդգծել է Ալեքսանդր Մարկարովը: Նա նաեւ ընդգծել է, որ ԱՄՆ-ն շահագրգռված է, որպեսզի հայ-թուրքական գործընթացը շուտ ավարտվի, այդ մասին վկայում է` որպես միջնորդ նրա ակտիվ գործունեությունը:

Հայոց ցեղասպանությունը, իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ.: Այն XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` շուրջ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին:

Դեռեւս Ցեղասպանության իրագործման տարիներին` 1915-23թթ. շատ երկրներ ընդունեցին հայերի կոտորածը դատապարտող բանաձեւեր: ԱՄՆ-ն երեք անգամ (1916, 1919, 1920) նմանատիպ բանաձեւեր է ընդունել, սակայն դա չկասեցրեց Օսմանյան կայսրության գործողությունները: 1915թ. Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան եւ Ռուսաստանը հանդես եկան համատեղ հռչակագրով` դատապարտելով հայերի բնաջնջումը:

Հայոց ցեղասպանությունը ճանաչել եւ դատապարտել են աշխարհի շատ երկրներ եւ ազդեցիկ միջազգային կազմակերպություններ: Պաշտոնապես առաջինը Հայոց ցեղասպանությունն ընդունել եւ դատապարտել է Ուրուգվայը 1965թ.: Հայոց ցեղասպանությունը ճանաչել են նաեւ Եվրոպայի Խորհուրդը, Եվրախորհրդարանը, ՄԱԿ-ի խտրականության կասեցման եւ փոքրամասնությունների պաշտպանության կանխարգելման ենթահանձնաժողովը, ՄԱԿ-ի ռազմական հանցագործությունների գծով հանձնաժողովը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը: Հայերի ոչնչացումը պաշտոնապես ցեղասպանություն են ճանաչել Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան, Բելգիան, Շվեդիան, Նիդեռլանդները, Շվեյցարիան, Ռուսաստանը, Լեհաստանը, Լիտվան, Հունաստանը, Սլովակիան, Կիպրոսի Հանրապետությունը, Լիբանանը, Ուրուգվայը, Արգենտինան, Վենեսուելան, Չիլին, Կանադան, Վատիկանը, Ավստրալիան, ԱՄՆ-ի 44 նահանգները:
Բելգիայում եւ Շվեդիայում Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվություն է սահմանված (45 հազար եվրո տուգանքից մինչեւ 1 տարվա ազատազրկում): 2006թ. հոկտեմբերի 12-ին Ֆրանսիայի խորհրդարանն օրինագիծ ընդունեց, որի համաձայն Հայոց ցեղասպանության ժխտումը քրեական հանցագործություն է, ինչպես Հոլոքոսթը:

Հայոց ցեղասպանությունը ճանաչել են նաեւ մի շարք ազդեցիկ ԶԼՄ-ներ` The New York Tumes-ը, BBC-ին, The Washington Post-ը, THe Associated Press-ը:

Ժամանակակից Թուրքիան ժխտում է Հայոց ցեղասպանության պատմական փաստը եւ վարում է այդ փաստի ժխտման ներքին ու արտաքին քաղաքականություն: Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին խոսում են միայն առանձին թուրք մտավորականներ, որոնց թվում են պատմաբան Թաներ Աքչամն ու Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուքը:

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրությունները ստորագրվել են 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում: Արձանագրությունները ստորագրել են Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը եւ Ահմեդ Դավութօղլուն` Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, ՌԴ-ի եւ Շվեյցարիայի ԱԳՆ ղեկավարների ներկայությամբ: Շվեյցարիան որպես միջնորդ է հանդես գալիս հայ-թուրքական բանակցություններում 2007թ. ի վեր: Ըստ փաստաթղթերի, երկրների միջեւ պետք է հաստատվեն դիվանագիտական հարաբերություններ եւ պետք է բացվի 1993թ. ի վեր փակ հայ-թուրքական սահմանը: Հունվարի 12-ին Հայաստանի Սահմանադրական դատարանն Արձանագրությունները Հայաստանի Սահմանադրությանը համապատասխան ճանաչեց: ՍԴ որոշման մեջ Արձանագրությունների վերաբերյալ ոչ մի նախապայմաններ չկան, քանի որ դա հակասում է վճռի կայացման սահմանված կանոնին: ՍԴ որոշման համաձայն Հայ-թուրքական արձանագրությունները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանն ու Հայաստանի Անկախության մասին հռչակագրին: