18 մարտի 2010 - 18:00 AMT
Սլովակիայի ԱԳ նախարարն Էդվարդ Նալբանդյանին Բրատիսլավա է հրավիրել
Սլովակիան պատրաստ է Հայաստանի հետ կիսվել իր փորձով եվրաինտեգրման գործընթացում: Այդ մասին այսօր Երեւանում Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ մամլո ասուլիսում հայտնեց Սլովակիայի արտգործնախարար Միրոսլավ Լայչակը: «Լինելով ԵՄ ու ՆԱՏՕ անդամ` Սլովակիան զանազան ոլորտներում Հայաստանի հետ փորձի փոխանակման հսկայական հնարավորություններ է տեսնում»,- ասաց Սլովակիայի նախարարը` ավելացնելով, որ իր հայ պաշտոնակցին է փոխանցել ԵՄ «Արեւելյան գործընկերություն» նախաձեռնության շրջանակներում համագործակցության վերաբերյալ մի շարք առաջարկները:

Խոսելով Հայաստանի հետ երկկողմ հարաբերությունների մասին` Միրոսլավ Լայչակը հայտնեց, որ պաշտոնական Բրատիսլավան բավարարված է Երեւանի հետ քաղաքական երկխոսության մակարդակով: Բայց միեւնույն ժամանակ Սլովակիայի ԱԳ նախարարն ընդգծեց, որ Հայաստանն ու Սլովակիան չեն օգտագործում երկկողմ տնտեսական համագործակցության ողջ պոտենցիալը: «Այդ իսկ պատճառով ինձ սլովակ ձեռնարկատերերի խումբ է ուղեկցում, որոնք շահագրգռված են իրենց հայ գործընկերների հետ կապ հաստատելու հարցում եւ մտադիր են ներդրումներ կատարել Հայաստանում: Այսօր բացվող հայ-սլովակյան բիզնես-ֆորումը կօգնի զգալի փոփոխություններ գրանցել տնտեսական ոլորտում»,- ասաց Միրոսլավ Լայչակը: Նա հաղորդեց, որ իր հայ պաշտոնակից Էդվարդ Նալբանդյանին Բրատիսլավա է հրավիրել: Անմիջապես հանդիպումից հետո ԱԳ նախարարները «Օդային հաղորդակցման մասին» Համաձայնագիր ու եվրաինտեգրման ոլորտում համագործակցության մասին Հուշագիր ստորագրեցին: