18 մարտի 2010 - 19:57 AMT
Յըլմազ Օզդիլ. Հայ գաղթականների արտաքսման դեպքում Թուրքիան «նացիստական Գերմանիայի» կվերածվի

Թուրքիան «նացիստական Գերմանիայի» կվերածվի երկրից վտարելով Հայաստանից եկած 100 հազար անօրինական գաղթականներին: Այդ մասին գրում է թուրքական Hurriyet թերթի վերլուծաբան Յըլմազ Օզդիլը` անդրադառնալով Թուրքիայի վարչապետի հայտարարությանն այն մասին, որ հնարավոր է երկրից Հայաստանի 100 հազար անօրինական գաղթականներ արտաքսվեն: «Եթե մենք հայերին արտաքսենք այն բանի համար, որ նրանք այստեղ են գաղթել եւ, իբր, մեզնից խլում են աշխատատեղերը, ապա «նացիստական Գերմանիայի» կվերածվենք»,- ասում է Օզդիլը CNN-Turk հեռուստաալիքին տված հարցազրույցում: Լրագրողի կարծիքով, Թուրքիայի կառավարության մոտ «բացակայում է հայկական քաղաքականությունը»:

Նրա խոսքով, հայտարարելով այն մասին, որ Անկարան մտադիր է վտարել անօրինական հայերին, երկիրը վարկաբեկում է հայկական արմատներով իր քաղաքացիներին:

Օզդիլը չհամաձայնեց նաեւ թուրքական իշխանությունների դիրքորոշման հետ այն կապակցությամբ, որ Հայոց ցեղասպանության հարցը պետք է լուծեն երկու երկրների պատմաբանները:

«Պատմաբաններն այն չեն լուծի: Թուրք պատմաբանները մի բան կասեն, հայերը` մեկ ուրիշ բան: Դա ոչ թե պատմական ու քաղաքական, այլ իրավական խնդիր է»,- ասում է թուրք փորձագետը: Ընդ որում, նա առաջարկում է Թուրքիայի ԱԳ նախարար նշանակել ընդդիմության ներկայացուցչին: Նա գտնում է, որ ընդդիմությունը «դիվանագիտական աշխատանքի փորձ ունեցող ավելի շատ քաղաքական գործիչներ» ունի, եւ առաջարկում է գրեթե հարյուրամյա վաղեմության խնդիրը լուծել Հաագայի միջազգային դատարանում: