19 մարտի 2010 - 17:05 AMT
Շվեդիան հատուցում է երկրի խորհրդարանի որոշու՞մը

Շվեդիայի կառավարությունը հայտարարել է, որ Եվրամիությանն անդամակցելու ճանապարհին ոչ միայն քաղաքական, այլեւ նյութական աջակցություն կցուցաբերի Թուրքիայում բարեփոխումների իրականացմանը:

Շվեդիայի կառավարության կայքում հրապարակվել է Թուրքիայի հետ ռազմավարական համագործակցությունը զարգացնելու մտադրության մասին հայտարարություն: Հայտարարության մեջ ընդգծվում է, որ Թուրքիայի անդամակցությունը ԵՄ-ին ամեն կերպ խրախուսվելու եւ օժանդակվելու է Շվեդիայի կողմից:

Հայտարարության մեջ նաեւ կարծիք է արտահայտվում այն մասին, որ Թուրքիային աջակցություն կցուցաբերվի ժողովրդավարության, հավասարության եւ մարդու իրավունքների հարցերում: «Թուրքիան Շվեդիայի կարեւորագույն գործընկերներից մեկն է, եւ այդ երկրում իրականացվող բարեփոխումները մեծ նշանակություն ունեն մեզ համար»,- ասվում է հայտարարության մեջ:

Հայտարարության մեջ մատնանշվում է, որ Շվեդիան պատրաստ է աջակցել Թուրքիայում ոչ միայն իրավական, այլեւ ժողովրդավարացման գործընթացներում ու փոքրամասնությունների իրավունքներին վերաբերող նախագծերում կանանց ներգրավման բարեփոխումներում: Թուրքիայի եւ Շվեդիայի միջեւ համագործակցության զարգացման գործունեության համակարգմամբ զբաղվելու է Զարգացման ոլորտում միջազգային համագործակցության գործակալությունն (ԶՄՀԳ) ու Ստամբուլում Շվեդիայի դեսպանությանն առընթեր Թուրք-շվեդական բարեկամության կենտրոնը:

ԶՄՀԳ-ն, մասնավորապես, թուրք ուսանողներին հնարավորություն կընձեռի մասնակցելու մարդու իրավունքներին եւ ժողովրդավարությանը նվիրված նախագծերին: Նման նախագծերը կիրականացվեն նաեւ Թուրքիայում` շվեդ ուսանողների մասնակցությամբ, հաղորդում է TRT-Russian-ը:

Մարտի 11-ին Շվեդիայի խորհրդարանը 131 «կողմ» եւ 130 «դեմ» ձայների հարաբերակցությամբ ճանաչեց Օսմանյան կայսրության Հայոց ցեղասպանությունը, ինչպես նաեւ ասորիների, սիրիացիների/քաղդեցիների եւ Պոնտոսի հույների ցեղասպանությունները: