19 մարտի 2010 - 18:48 AMT
Վահան Հովհաննիսյան. Հայաստանը պետք է միջոցներ ձեռնարկի հայ-թուրքական գործընթացից դուրս գալու համար
«Որոշ հայ քաղաքական գործիչների հայտարարություններն այն մասին, թե իբր նախագահ Սերժ Սարգսյանի նախաձեռնողական քաղաքականությունը նպաստում է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը, չի համապատասխանում իրականությանը»,- ՀՀ ԱԺ-ում կայացած ճեպազրույցում հայտնեց ՀՅԴ խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը:

Հովհաննիսյանի խոսքով, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հետ կապված ամենին, ինչ նախկինում հեշտ էր տրվում ՀՅԴ-ին եւ Սփյուռքի կազմակերպություններին, այժմ շատ բարդ է հասնել, ինչի վառ օրինակը Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի ընդունումն էր ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի եւ Շվեդիայի խորհրդարանի կողմից: «ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում 252 բանաձեւի դեմ բոլոր քվեարկողների հիմնական փաստարկը ստորագրված հայ-թուրքական Արձանագրություններն էին եւ, բնականաբար, պատմական հարցերի գծով հայ-թուրքական ենթահանձնաժողովի ստեղծման փաստը»,- ընդգծեց նա:

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ներկայիս գործընթացի առնչությամբ ՀՅԴ խմբակցության ղեկավարը նկատեց, որ հայկական կողմը ոչ մի դեպքում չպետք է Թուրքիայից շուտ վավերացնի Արձանագրությունները: «Հայաստանը պետք է նաեւ համապատասխան միջոցներ ձեռնարկի հայ-թուրքական գործընթացից դուրս գալու համար»,- նշեց նա:

Հայոց ցեղասպանությունը, իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ.: Այն XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` շուրջ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին:
Ժամանակակից Թուրքիան ժխտում է Հայոց ցեղասպանության պատմական փաստը եւ վարում է այդ փաստի ժխտման ներքին ու արտաքին քաղաքականություն: Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին խոսում են միայն առանձին թուրք մտավորականներ, որոնց թվում են պատմաբան Թաներ Աքչամն ու Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուքը:

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրությունները ստորագրվել են 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում: Արձանագրությունները ստորագրել են Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը եւ Ահմեդ Դավութօղլուն` Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, ՌԴ-ի եւ Շվեյցարիայի ԱԳՆ ղեկավարների ներկայությամբ: Շվեյցարիան որպես միջնորդ է հանդես գալիս հայ-թուրքական բանակցություններում 2007թ. ի վեր: Ըստ փաստաթղթերի, երկրների միջեւ պետք է հաստատվեն դիվանագիտական հարաբերություններ եւ պետք է բացվի 1993թ. ի վեր փակ հայ-թուրքական սահմանը: Հունվարի 12-ին Հայաստանի Սահմանադրական դատարանն Արձանագրությունները Հայաստանի Սահմանադրությանը համապատասխան ճանաչեց: ՍԴ որոշման մեջ Արձանագրությունների վերաբերյալ ոչ մի նախապայմաններ չկան, քանի որ դա հակասում է վճռի կայացման սահմանված կանոնին: ՍԴ որոշման համաձայն Հայ-թուրքական արձանագրությունները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանն ու Հայաստանի Անկախության մասին հռչակագրին: