20 մարտի 2010 - 11:54 AMT
ՀՀ գլխավոր դատախազը «Արի տուն» երգ է նվիրել ՀՀ սփյուռքի նախարարությանը
«Նիգ-Ապարան» բարեգործական, հայրենակցական, հասարակական կազմակերպության պատվիրակությունը ՀՀ Սփյուռքի նախարարությանը երգ է նվիրել` այդ կերպ մասնակցելու պետական քաղաքականություն դարձած «Արի Տուն» ծրագրին:

Նույնանուն երգը, որ հեղինակել է երգչուհի Լեյլա Սարիբեկյանը (խոսք` Սերգեյ Հարությունյան), նրա իսկ կատարմամբ ներկայացվել է սփյուռքի նախարարությունում:

Ունկնդիրների շարքում են եղել ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ու «Նիգ-Ապարան»-ի պատվավոր նախագահ, ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյան, որի նախաձեռնությամբ է նոր երգը նվիրաբերվել նախարարությանը:

«Ոգեւորված երգի կատարումից ներկաները` տիկին Հակոբյանի եւ պարոն Հովսեփյանի գլխավորությամբ, փորձեցին կատարել այն` շուրջպար բռնելով: Այնուհետեւ նախարար Հ. Հակոբյանը Աղվան Հովսեփյանին հանձնեց շնորհակալագիր «ազգանվեր եւ հայրենանվեր գործունեության, աննախադեպ նախաձեռնությունների, «Նիգ-Ապարան» հայրենակցական միության գործունեությանը հայանպաստ շունչ ու հոգի հաղորդելու եւ Հայաստան-Սփյուռք գործակցությանն իր որդիական նվիրումի համար», - ասվում է նախարարության հաղորդագրությունում:
Վերջում «Արի Տուն» ծրագիրը խորհրդանշող նվերներ հանձնելով երգի ստեղծման մասնակիցներին` նախարարը վստահաբար շեշտել է, որ միայն միասնական աշխատանքի շնորհիվ կարող ենք ստեղծել «հզոր Հայրենիք, երազների Հայրենիք», ուր ապրելու մեծ ցանկություն կունենան նաեւ Սփյուռքի մեր հայրենակիցները: