20 մարտի 2010 - 16:58 AMT
Թուրքական ֆիլմում հայկական երգեր են ներկայացվում
Մարտի 12-ին թուրք ռեժիսոր Նեզի Ունենայի «Անատոլիայի կորսված երգերը» ֆիլմը էկրան է բարձրացել: Այդ ֆիլմը երաժշտավավերագրական ֆիլմերի շարքին է պատկանում եւ ընդգրկում է Անատոլիայում ապրող ազգային 20 երգեր ու երաժշտություն: HՖrriyet Daily News թերթին ռեժիսորը հայտնել է, որ ֆիլմում առաջին անգամ ներկայացվում են հայկական երգեր: «Սա նոր սկիզբ է թուրքական կինոյում, եւ հուսով եմ, որ շարունակություն կունենա», - ընդգծել է նա:

Ֆիլմը Ստամբուլում տեղի ունեցած միջազգային կինոփառատոնի ժամանակ առաջին անգամ ցուցադրվելուց մեկ տարի անց լայնէկրան ցուցադրման է ներկայացվել: Ֆիլմի վրա ռեժիսորն աշխատել է ութ տարի, այդ տարիների ընթացքում հավաքել է Անատոլիայում ապրող տարբեր ժողովուրդների երգերը: Ֆիլմում ներկայացված են հայկական, քրդական, վրացական եւ հունական ժողովրդական երգեր: «Այդ նախագծի նպատակն էր հավաքել Անատոլիայի երգերն ու երաժշտությունը, փորձել մարդկանց գտնել, ովքեր գիտեն այդ երգերը», - ասել է Ունենը: