22 մարտի 2010 - 12:20 AMT
Հայաստանի հանդբոլի հավաքականը «Չելենջ տրոֆի» մրցաշարում զբաղեցրել է 3-րդ տեղը
Հայաստանի հանդբոլի կանանց հավաքականը մարտի 18-21-ն Իսրայելում մասնակցել է «Չելենջ տրոֆի» միջազգային մրցաշարին, որին մասնակցել են նաեւ Իսրայելի, Կիպրոսի եւ Մալթայի հավաքականները:

2-րդ փուլում հայ հանդբոլիստուհիները 9:32 հաշվով զիջել են Իսրայելի հավաքականին: Ինչպես հայտնում է Հայաստանի հանդբոլի ֆեդերացիան, Հայաստանի հավաքականի դարպասները պաշտպանել է 16-ամյա Նելլի Ֆիդանյանը, որը փոխարինել է վնասվածք ստացած Աստղիկ Գյուրջինյանին: Իսկ Կիպրոսի հավաքականը 2-րդ փուլում 29:10 հաշվով հաղթել է Մալթայի հավաքականին:

Վերջին փուլում Հայաստանի հավաքականը 21:12 հաշվով պարտության է մատնել Մալթայի հավաքականին եւ զբաղեցրել 3-րդ տեղը: Եզրափակչում հանդիպել են Իսրայելի եւ Կիպրոսի հավաքականները, հաղթել է Իսրայելի հավաքականը:

Հայաստանի հանդբոլի ֆեդերացիայի մամլո ծառայությունը PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտնել է, որ Արմինե Անտոնյանը 23 գնդակներով դարձել է մրցաշարի լավագույն ռմբարկուն եւ մտել մրցաշարի խորհրդանշական հավաքականի մեջ: