22 մարտի 2010 - 16:27 AMT
Նիդեռլանդների հայերը Հայոց ցեղասպանության 95-ամյակին նվիրված ցույց կանցկացնեն

Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիայի (FAON) «Ապրիլի 24» կոմիտեն եւ Հոլանդիայի Հայ Դատի հանձնախումբը ծրագրում են ապրիլի 20-ին «Հոլանդահայ համագործակցող կազմակերպություններ» անվան տակ Het Plein հրապարակում ցույց կազմակերպել Հայոց ցեղասպանության 95-ամյակի կապակցությամբ: Ինչպես ասվում է PanARMENIAN.Net -ի ստացած FAON հայտարարության մեջ, այդ կապակցությամբ Ֆեդերացիան կոչ է անում Նիդեռլանդների բոլոր հայկական կառույցներին եւ ամբողջ հոլանդահայությանը, որ միասնաբար զանգվածային ցույցի միջոցով զորացնեն պահանջը Թուրքիայից` ճանաչել Հայոց ցեղասպանությունը եւ Նիդեռլանդների կառավարությունից` իրագործել Ռոուվուտի առաջարկությունը, որը միաձայն ընդունվել է Նիդեռլանդների խորհրդարանի կողմից 2004 թվականին:

«Հույժ կարեւոր է, որպեսզի հոլանդահայությունը միակամ իր սարսափը արտահայտի Հայոց ցեղասպանության եւ այն փաստի նկատմամբ, որ Թուրքիան 95 տարի հետո գարշելի կերպով հերքում եւ նսեմացնում է ցեղասպանության եղելությունը, իսկ այդ մասին Թուրքիայում խոսելն անգամ դեռեւս համարվում է քրեական հանցանք: Չնայած, որ Հայոց ցեղասպանությունը լայն ճանաչում է գտել, միջազգային հասարակայնությունը չի կարողացել աներկբա Թուրքիային հստակորեն ասել, որ հերքման եւ նսեմացման գործելակերպն ընդունելի չէ եւ դրա դեմ համապատասխան միջոցներ չի կիրառել»,- ասվում է FAON հայտարարության մեջ:

Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան ընդգծում է, որ համաշխարհային հասարակության այս իսկ կեցվածքն էր, որ պարարտ հող ստեղծեց 1915 թ. եղեռնագործության համար` աշխարհի բաց աչքերի առջեւ:

Ցույցի ժամանակ մասնակիցներն Անկարայից կպահանջեն ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Բացի դրանից, ցուցարարները մտադիր են Նիդեռլանդների իշխանություններից պահանջել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթող կառուցել միջազգային օրենքի քաղաք Հաագայում: