22 մարտի 2010 - 17:42 AMT
Բելառուսը հետաքրքրվում է հայկական շուկայով
Այսօր տեղի ունեցած Հայաստանի եւ Բելառուսի խորհրդարանների միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովների չորրորդ նստաշրջանում քննարկվեցին գիտության, տեխնիկայի, էներգետիկայի, առեւտրի եւ տնտեսության բնագավառներում երկկողմանի համագործակցության ու երկու երկրների խորհրդարանների հետագա համագործակցության հեռանկարները: Այս մասին հայտարարել է Հայաստանի եւ Բելառուսի խորհրդարանների միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Հրայր Կարապետյանը` ՀՀ ԱԺ-ում տեղի ունեցած բելառուսական կողմի համանախագահ Վալերի Իվանովի հետ համատեղ մամլո ասուլիսի ժամանակ:

Հ. Կարապետյանի խոսքերի համաձայն, Հայաստանի եւ Բելառուսի խորհրդարանների միջեւ համագործակցության հանձնաժողովի նիստը տեղի է ունենում տարվա մեջ երկու անգամ, ինչը երկկողմանի հարցերի քննարկման համար լավ հարթություն է:

Վալերի Իվանովն իր հերթին, նշել է, որ միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովն աշխատում է Հայաստանի եւ Բելառուսի օրենսդրական դաշտերի միասնականացման ուղղությամբ: Ճշգրտելով տնտեսության բնագավառում ձեռք բերված պայմանավորվածությունները, նկատեց, որ Բելառուսը հետաքրքրված է հայկական շուկայով եւ մտադիր է զարգացնել գյուղատնտեսության, մեքենաշինության եւ թեթեւ արդյունաբերության բնագավառներում Հայաստանի հետ առեւտուրը:

«Մենք ցանկանում ենք նաեւ խորացնել համագործակցությունը ատոմային էներգիայի բնագավառում, քանի որ Բելառուսը մտադիր է 10 տարվա ընթացքում կառուցել իր սեփական ատոմային էլեկտրակայանը, որտեղ շատ է պետք գալու Հայաստանի փորձը», - ասել է Վալերի Իվանովը:

Վ. Իվանովը նաեւ նշել է, որ երկու երկրների միջեւ առեւտրատնտեսական կապի զարգացման համար խորհրդարանական հանձնաժողովը պետք է աշխատի այդ ոլորտի օրենսդրական դաշտում ուղղումներ անել:

Հրայր Կարապետյանը ավելացրել է, որ 2009 թ. ընթացքում Հայաստանի եւ Բելառուսի միջեւ ապրանքաշրջանառությունն աճել է 103 տոկոսով, հասնելով 30 մլն դոլարի:

«Մենք կարեւորություն ենք տալիս նաեւ Հայաստանի եւ Բելառուսի տարածաշրջանների միջեւ հարաբերությունների խորացմանը, ինչը նույնպես քննարկվել է այս նստաշրջանի ընթացքում», - ասել է նա:

Կարապետյանը հայտնել է, որ այսօր կայացել է նաեւ աշխատանքային հանդիպում Հայաստանի խորհրդարանի խոսնակ Հովիկ Աբրահամյանի հետ, որի ընթացքում քննարկվել են ՀՀ ԱԺ նախագահի Բելառուս կատարելիք այցի մոտավոր ժամկետները», - ասել է նա: