22 մարտի 2010 - 18:25 AMT
Երեւանում մեկնարկել է Բրիտանական ֆիլմերի քառօրյա փառատոնը
Երեւանում կայացել է բրիտանական ֆիլմերի 8-րդ փառատոնի հանդիսավոր բացման արարողությունը, որը կազմակերպել է Հայաստանում Բրիտանական խորհուրդը (ԲԽ):

«Ինձ պատիվ է վիճակվել բացել բրիտանական ֆիլմերի 8-րդ փառատոնը, որը Մեծ Բրիտանիայի պատմությունը եւ մշակույթը ցույց տալու յուրահատուկ առիթ է: Այս միջոցառման նպատակն է հայ հանդիսատեսին ներկայացնել հայտնի բրիտանական ֆիլմերը»,- ասել է ԲԽ երեւանյան գրասենյակի ղեկավար Արեւիկ Սարիբեկյանն իր ողջույնի խոսքում, հաղորդել է PanARMENIAN.Net-ի թղթակիցը «Մոսկվա» կինոթատրոնից, որտեղ տեղի է ունեցել «Դքսուհի» ֆիլմի ցուցադրումը:

«Արյունոտ կիրակի» ֆիլմի համապրոդյուսեր, համանուն գրքի հեղինակ, որի հիման վրա էլ նկարահանվել է աղմուկ հանած ֆիլմը, Դան Մալլանն իր հերթին ասաց. «Շատ ուրախ եմ այս հնագույն երկրում գտնվելու համար եւ ինձ շատ հաճելի է, որ այսքան մարդ է հավաքվել: Կարծում եմ ֆիլմը ոգով մոտ է հայերին` հաշվի առնելով նրանց ապրած Ցեղասպանությունը»:

«Արունոտ կիրակի» ֆիլմը պատմում է իռլանդացիների ճակատագրի մասին, որոնք չեն ցանկանում մոռանալ 1972-ի հունվարի 30-ի ողբերգական դեպքերը: Այդ ժամանակ բրիտանական զինվորները սպանել են 13 անզեն քաղաքացիների, որոնք Հյուսիսային Իռլանդիայի Դերրի քաղաքում մասնակցում էին քաղաքացիական իրավունքի պաշտպանության երթի:

Բիտանական ֆիլմերի 8-րդ փառատոնը տեւելու է մինչեւ մարտի 26-ը:

Կինոսիրահարները կարող են դիտել բրիտանական արտադրության 6 ֆիլմեր, որոնք արժանացել են տարբեր միջազգային պատվավոր մրցանակների: «Արյունոտ կիրակի» ֆիլմի դիտումից հետո ֆիլմի համապրոդյուսեր Դան Մալլանի հետ քննարկում է տեղի ունենալու:

Փառատոնի օրերին «Արձագանք. ֆիլմեր Հյուսիային Իռլանդիայից» ծրագրի շրջանակներում Վանաձորում մարտի 24-25-ը կազմակերպվելու են ֆիլմերի ցուցադրումներ եւ քննարկումներ:

Ֆիլմերի սեանսները ժամը 18:00-ին տեղի են ունենալու անգելերն լեզվով, իսկ 20:00-ին` հայերեն կամ ռուսերեն տիտրերով: